ԳլխավորՄի կտոր գիրք

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը». Ռիչարդ Բախ

Ամերիկացի գրող, փիլիսոփա, Ռիչարդ Բախի ծննդյան օրվա առթիվ (ծնվ. 23.06.1936) ներկայացնում ենք մի հատված նրա «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունից։

Այն բանից հետո, երբ Ջոնաթան Ճայն անհետացավ Երամի ափերից, մի քանի տարի դա թռչունների ամենատարօրինակ բազմությունն էր, որ երբևէ ապրել էր երկրի վրա: Նրանցից շատերն իսկապես սկսել էին հասկանալ նրա ուղերձը, և մեջքի վրա թռչող ու օղակների վարժանքներ անող երիտասարդ ճայի հանդիպելը նույնքան սովորական էր, որքան աչքերը թռիչքի հրաշքի դեմ բացել չցանկացող մի ծեր ճայի տեսնելը, որն իր հավերժական-միապաղաղ գծով հավասարվում էր ձկնորսանավերին` թրջված հացով ընթրելու հույսով:

Ֆլեթչեր Լինդ Ճայն ու Ջոնաթանի մյուս աշակերտները միսիոներական երկար ուղևորություններով իրենց ուսուցչի` ազատության ու թռիչքի մասին ուսմունքը տարածում էին Ափեզրի բոլոր երամների մեջ:

Զարմանալի իրադարձություններ էին տեղի ունենում այդ օրերին: Ֆլեթչերի աշակերտները և այդ աշակերտների աշակերտները անթերի էին թռչում ու այնպիսի հրճվանքով, որի նմանը երբևէ չէր եղել նախկինում: Պատահում էին թռչուններ, որոնք մարզվելիս ավելի լավ էին ձևավոր թռիչքներ կատարում, քան Ֆլեթչերը, երբեմն նույնիսկ ավելի լավ, քան ինքը Ջոնաթանն էր դրանք կատարել: Խիստ նպատակասլաց ճայերի առաջադիմության կորն արագորեն անցնում էր ցանկացած գրաֆիկից: Երբեմն պատահում էին աշակերտներ, որոնք այնպես էին հաղթահարում ցանկացած սահմանափակում, որ, ինչպես Ջոնաթանը, անհետանում էին Երկրից, որն արդեն սահմանափակ էր իրենց ընդգրկելու համար:

Որոշ ժամանակ դա ոսկեդար էր: Ճայերի բազմությունները խռնվում էին Ֆլեթչերի շուրջ` դիպչելու համար նրան, ով դիպել էր Ջոնաթան Ճային` մեկին, ում նրանք այժմ աստվածային էին համարում: Իզուր էր Ֆլեթչերը պնդում, թե Ջոնաթանը իրենց բոլորի պես մի ճայ էր, ով սովորել էր, ինչպես իրենք բոլորը կարող էին սովորել: Նրանք ամենուր հետևում էին Ֆլեթչերին` լսելու համար Ջոնաթանի ճշգրիտ բառերը, տեսնելու նրա ճշգրիտ ժեստերը, բացահայտելու փոքրագույն մանրամասները նրա մասին: Որքան ավելի էին նրանք մանրուքներ մուրում, այնքան ավելի շատ Ֆլեթչերն իր տեղը չէր գտնում: Թեև մի ժամանակ նրանք ձգտում էին ուղերձն իրագործել… մարզվել ու թռչել երկնքում` արագընթաց, ազատ ու հիասքանչ… այժմ սկսել էին խուսափել դժվար աշխատանքից ու մի տեսակ խելացնոր հայացքով կլանում էին Ջոնաթանի շուրջ հյուսված լեգենդները, ասես նա ֆան-ակումբի կուռք լիներ:

— Ճա՛յ Ֆլեթչեր,- հարցնում էին նրանք,- Մեծն Ջոնաթանն ի՞նչ է ասել` «Մենք իրականում Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն ենք…», թե՞ «Մենք փաստորեն Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն ենք…»:

— Խնդրեմ, ինձ Ֆլեթչեր անվանեք: Պարզապես Ֆլեթչեր Ճայ,- պատասխանում էր նա` սարսափած, որ նրանք կսկսեն մեծարանքի բառերով դիմել իրեն:- Եվ ի՞նչ տարբերություն, թե ինչ բառ է նա գործածել: Երկուսն էլ ճիշտ են` մենք Մեծ Ճայի գաղափարի մարմնացումն ենք…

Նա գիտեր, սակայն, որ ճայերը բավարարված չէին ու մտածում էին, թե ինքը խուսափում է պատասխանից:

— Ճա՛յ Ֆլեթչեր, Աստվածային Ճայ Ջոնաթանը թռիչքի գնալիս մի՞ քայլ էր առնում քամուն հակառակ… թե՞ երկու:

Մինչ նա կհասցներ մի հարցը ճշգրտել, մյուսը վրա էր բերում:

— Ճա՛յ Ֆլեթչեր, Սուրբ Ճայ Ջոնաթանի աչքերը մոխրագու՞յն էին, թե՞ ոսկեգույն:

Հարց տվողը՝ մոխրագույն աչքերով մի թռչուն, անձկությամբ մի պատասխան էր միայն ակնկալում:

— Չգիտեմ: Մոռացի՛ր նրա աչքերի մասին: Նրա աչքերը… ծիրանագույն էին: Դա ի՞նչ նշանակություն ունի: Այն, ինչ նա եկավ ասելու մեզ, այն էր, որ կարող ենք թռչել, եթե միայն արթնանանք ու դադարենք շուրջանակի կանգնած մնալ ափին՝ խոսելով ինչ-որ մեկի աչքերի գույնի մասին: Իսկ հիմա նայե՛ք, ես ձեզ ցույց կտամ Պտտանը…

Ճայերից շատերը, սակայն, հոգնեցուցիչ համարելով այնպիսի դժվար մի թռիչքաձևի վարժանքը, ինչպիսին Պտտանն է, թռան տուն՝ մտորելով. «Ուրեմն՝ Մեծը ծիրանագույն աչքեր է ունեցել, ոչ այնպիսին, ինչպիսին իմն են, ոչ այնպիսին, ինչպիսին ունեցել է երբևէ ապրած որևէ ճայ»:

Տարիների հետ պարապմունքներն էլ էին փոխվել` թռիչքի լայնաճախր բանաստեղծությունից մինչև Ջոնաթանի մասին կամացուկ խոսակցությունները վարժանքներից առաջ և հետո, մինչև Աստվածայինի մասին երկար-պաճուճազարդ ճամարտակությունները` ավազին կպած, առանց այլևս որևէ մեկի կողմից թռիչքներ գործելու:

Ֆլեթչերն ու Ջոնաթանի մյուս աշակերտները մտահոգ էին, վիճակը շտկելու վճռականությամբ լի, նաև խստապահանջ էին ու վրդովմունքով լի այդ փոփոխությունների դեմ, բայց անկարող էին կանգնեցնել այդ ընթացքը: Նրանց պատվում էին, ավելի վատ` խոնարհվում էին նրանց առաջ, բայց նրանց այլևս չէին լսում: Իսկ թռչել սովորող ճայերը պակասում ու պակասում էին:

Առաջին Աշակերտները մեկը մյուսի հետևից հեռանում էին` սառած դիեր թողնելով իրենցից հետո: Երամը, ճանկելով մարմինները, սգո մեծ արարողություններ էր կատարում` թաղելով նրանց գլաքարե հսկայական բուրգերի տակ. սպանիչ հանդիսավոր կեցվածքով թռչուններից ամեն մեկը սգո երկար ճառից հետո մի գլաքար էր դնում: Քարե բուրգերը սրբավայրեր էին դարձել, և ամեն ճայի համար, ով Միասնության էր ձգտում, բուրգի վրա մի գլաքար դնելն ու վշտի խոսք ասելը անհրաժեշտ ծես էր: Ոչ ոք չգիտեր` ինչ է Միասնությունը, բայց այն այնքան խոր մի բան էր, որ ճայը երբեք չէր կարող հարցնել այդ մասին առանց հիմար երևալու: Չէ՞ որ բոլորը գիտեն` ինչ է Միասնությունը, և որքան ավելի գեղեցիկ լինի Ճայ Մարտինի շիրմին դրածդ գլաքարը, այնքան ավելի մեծ կլինի այն գտնելու քո հնարավորությունը:

Ֆլեթչերն ամենավերջինը հեռացավ: Դա պատահեց երկար ու միայնակ մի թռիչքի մեջ, անթերի ու ամենագեղեցիկ թռիչքի, որ նա երբևէ կատարել էր կյանքում: Նրա մարմինն անհետացավ ուղղահայաց դանդաղ երկար գալարաթռիչքի կեսին, մի թռիչքաձև, որի վրա աշխատել էր Ջոնաթան Ճային հանդիպելուց ի վեր: Անհետանալիս էլ գլաքար դնելով չէր զբաղված կամ խոկանքի տրված «Միասնություն» բառով: Նա պարզապես լուծվեց իր իսկ թռիչքի կատարելության մեջ:

Երբ հաջորդ շաբաթ Ֆլեթչերը չերևաց ափում, երբ անհետացավ առանց մի նշան թողնելու, Երամը կարճատև վախի ու խուճապի մատնվեց:

Բայց հետո նրանք հավաքվեցին, մտածեցին ու որոշեցին, թե ինչ պետք է տեղի ունեցած լիներ: Հայտարարվեց, որ Ճայ Ֆլեթչերին տեսել են Յոթ Առաջին Աշակերտներով շրջապատված կանգնած այն վայրում, որն այսուհետ Միասնության Ժայռ է կոչվելու, այնուհետև ամպերը բացվել են, և Մեծ Ճայ Ջոնաթան Լիվինգսթոնն ինքը, արքայական փետուրներով ու ոսկե խեցիներով հանդերձված, գլխին` թանկարժեք գլաքարերից թագը` այդպիսով երկինքն ու ծովը, քամին ու հողը խորհրդանշելով, վեր` դեպի Միասնության Ափ է կանչել նրան, և Ֆլեթչերը հրաշքով երկինք է բարձրացել` սուրբ լույսերի մեջ, ապա ամպերը կրկին ծածկել են տեսարանը վեհասքանչ երգչախմբի ճայաձայն երգեցողության հնչյունների ներքո:

Միասնության Ժայռի վրա Ճայ Ֆլեթչերի սուրբ հիշատակի բուրգը ամենամեծ քարակույտը դարձավ աշխարհի որևէ ափում եղածների մեջ: Ամենուր բարձրացվեցին նաև այլ քարակույտեր` դրա ծիսական կրկնօրինակները: Ամեն երեքշաբթի ճաշից հետո Երամը հավաքվում էր քարակույտի շուրջ` Ջոնաթան Լիվինգսթոն Ճայի ու նրա Աստվածային Շնորհալի Աշակերտների գործած հրաշքների մասին լսելու: Թռչելու մեջ ոչ ոք այլևս ավելին չէր անում, քան բացարձակ անհրաժեշտությունն էր, իսկ երբ անհրաժեշտ էր լինում այդ անել, նրանք դրա հետ կապված տարօրինակ սովորույթներ էին հորինում: Որպես իրենց դիրքի որոշակի խորհրդանշան` ավելի հարուստ թռչուններն սկսեցին ճյուղեր կրել իրենց կտուցներում: Որքան ավելի մեծ ու ծանր ճյուղ էր ճայը կրում, այնքան ավելի մեծ կշիռ էր ձեռք բերում Երամում: Որքան մեծ էր ճյուղը, այնքան ավելի լավ թռչող էր նա համարվում:

Ճայերի հասարակության մեջ քչերն էին նկատում, որ ծանր ճյուղերի բեռը իրենց հետ կրելով` առավել ավանդապահ ճայերը տագնապեցնող թռչողների էին վերածվում:

Ողորկ գլաքարը դարձավ Ջոնաթանի ուսմունքի խորհրդանիշը: Ավելի ուշ դա կարող էր լինել ամեն մի մաշված քար: Հնարավոր ամենավատ խորհրդանիշը այն թռչնի համար, ով եկել էր թռիչքի ուրախությունը սովորեցնելու, բայց դա կարծես թե ոչ ոք չէր նկատում, ամեն դեպքում ոչ մեկը, ով կարևորություն ունենար Երամում:

Երեքշաբթի օրերը բոլոր թռիչքները դադարեցվում էին, և անհամար ճայերի ամբոխը հավաքվում էր` կանգնելու ու լսելու Երամի Պաշտոնապես Երաշխավորյալ Աշակերտի արտասանությունը: Ընդամենը մի քանի տարում այդ արտասանությունը, բազմաբարդվելով ու քարանալով, գրանիտե դոգմայի էր վերածվել. «Սբ-Ճակ-Ջոնաթակ-Մեծ-Ճակ-Միասնակ-ողորմ-մեզ-որ-չնչին-քան-ավազների-լուն…»: Եվ այսպես ժամեր շարունակ, ամեն երեքշաբթի: Երաշխավորյալի բարձրագույն վարպետության նշան էր համարվում այն շուտասելուկի պես արտասանել կարողանալը, այնպես, որ բառերն արդեն չէին էլ ընկալվում: Որոշ հանդուգն թռչուններ շշնջում էին, որ ամեն դեպքում այդ հնչյունաշարը ոչինչ չէր նշանակում, եթե անգամ ինչ-որ մեկին ի վերջո հաջողվում էր դրանում մեկ-երկու բառ առանձնացնել:

Ջոնաթանի` ավազաքարի վրա կտցահարվածներով փորագրված պատկերները` ծիրանագույն խեցուց մեծ ու տխուր աչքերով, հառնում էին ափի ողջ երկայնքով` դամբանական թե ծիսական յուրաքանչյուր բուրգի մոտ` պաշտամունքի կենտրոններ, որոնցում արարողություններն ավելի ծանր էին, քան նույնիսկ ժայռերը կարող էին խորհրդանշել:

Երկու հարյուր տարուց էլ քիչ ժամանակում Ջոնաթանի ուսմունքի գրեթե բոլոր տարրերը ամենօրյա վարժանքներից հանվեցին մի պարզ հայտարարությամբ, թե դրանք Սուրբ են և հասանելի չեն սովորական ճայերին` չնչին-քան-ավազների-լուն: Ջոնաթան Ճայի անվան շուրջ հյուսվող ծեսերն ու արարողությունները ժամանակի հետ ավելի ու ավելի մոլեռանդ էին դառնում: Ամեն մի մտածող ճայ օդում փոխում էր թռիչքի ուղղությունը` ծեսերի ու սնոտիապաշտության բուրգերի մոտակայքում իսկ չհայտնվելու համար, բուրգեր` բարձրացված այն ճայերի կողմից, որոնք անհաջողության համար արդարացումները նախընտրում էին ծանր աշխատանքից ու թռիչքի վեհությունից: Մտածող ճայերը, որքան էլ հակասական թվա, լսելուն պես փակում էին իրենց միտքը որոշ բառերի նկատմամբ`«Թռիչք», «Բուրգ», «Մեծ Ճայ», «Ջոնաթան»: Ցանկացած այլ նյութի դեպքում նրանք մինչև իսկ Ջոնաթանից ոչ պակաս պայծառ մտքի տեր, ազնիվ ու ուղղամիտ թռչուններ էին, բայց նրա անվան կամ Երաշխավորյալ Աշակերտների կողմից այնքան ծեծված մեկ այլ բառի հիշատակման դիմաց նրանց միտքը լյուկի դռնակի կտրուկ շրխկոցով փակվում էր:

Հետաքրքրասեր լինելով` նրանք սկսեցին թռիչքներ փորձարկել, թեև երբեք չէին գործածում այդ բառը: «Դա թռիչք չէ,- նորից ու նորից համոզում էին նրանք իրենց,- դա պարզապես միջոց է ճշմարտությունը գտնելու»: «Աշակերտներին» մերժելով` նրանք, այսպիսով, իրենք էին դառնում աշակերտներ: Ջոնաթան Ճայի անունը մերժելով` իրագործում էին Երամին բերած նրա ուղերձը:

Դա աղմկոտ հեղափոխություն չէր. ո՛չ ճիչեր, ո՛չ ցուցապաստառների ճոճում: Բայց որոշ անհատներ, ինչպես օրինակ` հասունության փետուրը դեռ լրիվ չհագած Էնթոնի Ճայը, սկսել էին հարցեր տալ:

— Տեսե՛ք,- ասաց նա Երաշխավորյալ Աշակերտին,- այն թռչունները, որոնք ամեն երեքշաբթի գալիս են Ձեզ լսելու, երեք պատճառով են գալիս, այդպես չէ՞. քանի որ կարծում են, թե ինչ-որ բան են սովորում, քանի որ կարծում են, թե Բուրգի վրա ևս մի գլաքար դնելը իրենց սուրբ կդարձնի, կամ քանի որ բոլորը սպասում են, որ իրենք այնտեղ պիտի լինեն: Ճի՞շտ է:

— Իսկ դու ոչինչ չունե՞ս սովորելու, թռչնա՛կս:

— Ո՛չ, սովորելու բան կա, բայց չգիտեմ, թե ինչ: Միլիոնավոր գլաքարերն անգամ չեն կարող ինձ սուրբ դարձնել, եթե ես արժանի չեմ դրան, և ինձ համար մեկ է, թե մյուս ճայերն իմ մասին ինչ կմտածեն:

— Եվ ո՞րն է քո պատասխանը, թռչնա՛կս,- հարցրեց Երաշխավորյալը` փոքր-ինչ ցնցված այդ հերետիկոսությունից:- Դու ինքդ ինչպե՞ս կանվանես կյանքի հրաշքը: Մեծ-Ճայ-Ջոնաթանը-Սուրբ-Եղիցի-Անուն-Նորա ասել է, որ թռիչքը…

— Կյանքը հրաշք չէ, Երաշխավորյա՛լ, այն ձանձրույթ է: Ձեր Մեծ Ճայ Ջոնաթանն էլ ընդամենը առասպել է` ինչ-որ մեկի կողմից հնում հորինված, հեքիաթ, որին հավատում են թույլերը, քանի որ անկարող են ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին կա: Պատկերացնել միայն` ճայ, որը կարողանում էր թռչել ժամում երկու հարյուր մղոն արագությամբ: Փորձել եմ, և ամենաարագը, որ կարողանում եմ, հիսունն է վարընթաց խոյաթռիչքում, և այն էլ մեծ մասամբ կառավարումս կորցրած եմ լինում: Թռիչքի օրենքներ կան, որոնք հնարավոր չէ խախտել, իսկ եթե համաձայն չես, գնա ու փորձիր: Դուք անկեղծորեն հավատում եք, որ ձեր Մեծ Ջոնաթան Ճայը թռել է ժամում երկու հարյուր մղոն արագությա՞մբ:

— Եվ ավելի արագ,- ասաց Երաշխավորյալը կատարելապես կույր հավատով:- Եվ սովորեցնում էր մյուսներին:

— Դա ձեր հեքիաթն է: Երբ ինքներդ կարողանաք ցույց տալ ինձ, որ կարող եք այդքան արագ թռչել, այդ ժամանակ կլսեմ Ձեր ասածները, Երաշխավորյա՛լ:

Ահա բանալին: Էնթոնի Ճայը դա հասկացավ հենց այդ բառերը ասելու պահին: Նա պատասխաններ չուներ, բայց գիտեր, որ ուրախությամբ ու երախտագիտությամբ կհետևեր ցանկացած թռչնի, ով կկարողանար ցուցադրել այն, ինչի մասին խոսում էր, ցույց կտար այն մի քանի պատասխանները, որոնք կգործեին, որոնք ուրախություն ու կատարելություն կբերեին ամենօրյա կյանքի մեջ: Իսկ քանի դեռ ինքը չի գտել այդ թռչնին, կյանքը կմնա գորշ ու մռայլ, տրամաբանությունից զուրկ ու աննպատակ, իսկ ամեն ճայ` արյան ու փետուրների` դեպի մոռացում ընթացող պատահական մի հավաքածու:

Էնթոնի Ճայը գնաց իր ճանապարհով, ինչպես անում էին ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդ թռչուններ` մերժելով ծեսերն ու արարողությունները, որոնցով դրվագվում էր Ջոնաթան Ճայի անունը, կյանքի անիմաստությունից տխուր, բայց գոնե իրենք իրենց հետ ազնիվ ու բավականաչափ խիզախ` ընդունելու համար, որ կյանքն անմիտ էր:

Մի օր էլ կեսօրից հետո Էնթոնին թևերը թափահարելով թռչում էր ծովի վրայով` անտարբեր մտորելով, որ կյանքն աննպատակ է, իսկ քանի որ «աննպատակը», ըստ սահմանման, «անիմաստն» է, միակ ճիշտ քայլը, ուրեմն, սուզվելն ու օվկիանոսում խեղդվելն է: Ավելի լավ է ընդհանրապես գոյություն չունենալ, քան գոյություն ունենալ առանց իմաստի ու ուրախության, ինչպես մի ջրիմուռ:

Դա իմաստ ուներ, դա հստակ տրամաբանություն էր, իսկ Էնթոնի Ճայն իր ողջ կյանքում փորձում էր ազնիվ լինել ու գործել տրամաբանված: Մեկ է, վաղ թե ուշ ինքը մեռնելու էր, ուրեմն ինչու՞ երկարաձգել ապրելու այս տանջալից ձանձրույթը:

Ու երկու հազար ոտնաչափ բարձրությունից նա խոյաթռիչքի նետվեց` ուղիղ դեպի ջուրը սլանալով ժամում մոտ հիսուն մղոն արագությամբ: Տարօրինակ թեթև ու ուրախ էր, որ վերջապես որոշում էր կայացրել: Ինքը գտել էր մի պատասխան, որն ամեն դեպքում ինչ-որ իմաստ ուներ:

Մահվան այդ խոյաթռիչքի մոտավորապես կես ճանապարհին, երբ ծովը ցածում սկսեց պտտվել ու ահագնանալով գալ իր վրա, ինչ-որ հզոր, սուլող շաչյուն կար ճիշտ իր աջ թևի հետևում, ապա ինչ-որ ճայ իրենից առաջ անցավ… այնպես, ասես ինքը կանգնած լիներ ափում: Ցած սուրացող ճերմակ լույսի շիթ էր մյուս թռչունը, տիեզեքից եկած, արագությունից անհստակ եզերվող երկնաքար: Էնթոնին ապշահար լարեց թևերը խոյաթռիչքն արգելակող դիրքում ու անօգնական զարմանքով հայացքը հառեց տեսարանին:

Կետը սահունորեն փոքրանում էր` դեպի ալիքների կատարը սուրալով, ապա շրջվեց ու կտրուկ վերելքի գնաց` կտուցն արդեն դեպի երկինք պարզած, ու պտտվեց: Պտտվեց երկար ուղղահայաց դանդաղ գալարաթռիչքի մեջ` հետո էլ մի անհնարին օղակ գծելով օդում:

Տեսածին սևեռված` Էնթոնին կորցրեց հավասարակշռությունն ու սկսեց ընկնել: Հետո էլի մոռացավ` որտեղ է, ու էլի անկման մատնվեց:

— Երդվում եմ,- ասաց նա բարձրաձայն,- երդվում եմ, որ ճայ էր:

Նա միանգամից շրջվեց դեպի մյուս թռչունը, որը կարծես թե իրեն չէր էլ նկատել:

— Հե՜յ,- որքան ուժ ուներ, կանչեց նա,- Հե՜յ, սպասի՜ր:

Ճայն անմիջապես թեքվեց մի թևի վրա և ահռելի արագության տակ կտրուկ շրջադարձ կատարեց դեպի նա: Էնթոնին հորիզոնական թռիչքից դժվարությամբ անցավ ուղղահայաց կողաթեքման և կտրուկ կանգ առավ օդում, ինչպես դահուկորդն է կանգ առնում զառիթափ սահուղու ստորոտում:

— Հե՜յ,- շնչակտուր էր լինում Էնթոնին,- ի՞նչ… այդ ի՞նչ ես անում…

Հիմար հարց էր, բայց նա չգիտեր` ուրիշ ինչ ասի:

— Ների՛ր, եթե վախեցրի,- ասաց անծանոթը մի ձայնով, որ ջինջ ու բարեկամական էր, ինչպես քամին:- Ամբողջ ժամանակ ես քեզ իմ տեսադաշտում եմ պահել: Ուղղակի մի քիչ խաղով տարվեցի… Ես քեզ չէի վնասի:

— Ո՛չ, ո՛չ, դա չէ խնդիրը:- Էնթոնին կյանքում առաջին անգամ արթուն էր ու կենսալից, նա ոգեշնչված էր:- Ի՞նչ էր դա:

— Օ՜, մի փոքր թռիչք` հաճույքի համար: Վարընթաց խոյաթռիչք ու վերելք, անցում դանդաղ գալարաթռիչքի, վերջում էլ պտույտով օղակ: Միայն թե այդ ամենը միասին: Եթե իրոք ուզում ես ամեն ինչ լավ անել, դա փոքր-ինչ աշխատանք է պահանջում, բայց աչքին հաճելի տեսարան է, չե՞ս կարծում:

— Դա, դա… սքանչելի է, ահա թե ինչ է դա: Քեզ երբեք Երամի մոտերքում չեմ տեսել: Ո՞վ ես դու վերջապես:

— Կարող ես ինձ Ջոն անվանել:

Comment here