ԳլխավորՄի կտոր գիրք

Ռիչարդ Բախ. «Հիպնոս Մարիի համար» (նախաբան)

Ներկայացնում ենք ամերիկացի գրող, փիլիսոփա, օդաչու Ռիչարդ Բախի (հունիսի 23, 1936) «Հիպնոս Մարիի համար» գրքի նախաբանը՝ Նունե Մովսիսյանի էջից։

***

Մենք շատ հաճախ չենք էլ գիտակցում, որ երբեմն պատահական ասված բառ կամ արարք ընդմիշտ կարող է փոխել ինչ-որ մեկի կյանքը: Եվ սա ճիշտ է ինչպես ռուսների և  ֆրանսիացիների, այնպես էլ չինացիների և անգլիացիների դեպքում…

Մի անգամ, մի գորշ անձրևոտ օր գորշ ավտոբուս նստած, ես գորշ քաղաքով գնում էի գորշ աշխատանքի: Մայթերի երկայքով, ինչպես ծովը, ձգվում էին սև անձրևանոցները: Ես գորշ ավտոբուսում նստած՝ անտարբեր նայում էի անձրևոտ գորշությանը, տների մթամած պատերին, մեկ էլ…հանկարծ նկատեցի մի կնոջ, ով դուրս գալով շենքի մուտքից՝ բացեց մի վառ կարմիր անձրևանոց: Գույնի հանկարծակի բռնկում իրականության անգույն ու ձանձրալի գորշության մեջ: Միակ կենսուրախ բանը ողջ քաղաքում, որը պատահաբար աչքովս ընկավ, երբ ես տասներկու համարի ավտոբուսի մեջ էի: Կինը իմ տեսադաշտում հայտնվեց կես րոպե և անհայտացավ հեռվում:

Արդյո՞ք կինը հիշում է այդ օրը:  Կարծում եմ՝ ոչ: Իսկ ես հիշում եմ:

Հպանցիկ դրվագ, որն ընդմիշտ փոխեց իմ կյանքը 1961թ.-ի դեկտեմբերին:

Այս պատմությունը (ինչպես նման շատ պատմություններ, որոնք հետո դառնում են գրքեր), ինձ հանգիստ չի տալիս արդեն քառասուն տարի: Ես նորից ու նորից արտագրում եմ գրքի գլուխները…Հետո գրածս շպրտում եմ զամբյուղի մեջ՝ ոչնչացնելով թղթերն ու համակարգչի հիշողությունից ջնջելով դրանք:

Պատմությունը գեղեցիկ է, բայց ի՞նչ կարող են փոխանցել բառերը:

Ի վերջո, ինձ հաջողվեց դիպվածը ազատագրել չհասկացվածության կապանքներից և նոր գլուխները՝ առաջինից մինչև քսանչորսերորդը, իմ առաջ հայտնվեցին ամբողջական և ավարտուն կերպով: Բառերն իմ ներսում բացված աղբյուրից արդեն հոսում են ազատորեն, և ահա արդյունքը՝ գիրքը, որ ձեր ձեռքում է:

Ջրի մասին պատումը անսպասելի կերպով կարող է մարդուն սիրել տալ ծովի անհուն կապույտը:

Ականջին շշնջացող պատմությունն օդաչուի մասին  կարող է դուրս գալ բառի սահմանից՝ դառնալով թռիչք:

Այս պատմության իմաստը պարզ է. մեր աշխարհը կարող է դառնալ էլ ավելի կախարդական, քան է իրականում:

Նրա պատմությունը. սեփական ընտրությամբ մարդկանց օգնելն ավելին է, քան պարզապես բարեկամական հարաբերությունները:

Հոգու խորքում, այս գիրքը բացելուց առաջ, դուք այս ամենը զգացել եք: Իսկ բարի, գրավիչ պատմությունը կհիշեցնի ձեզ այն, ինչ դուք վաղուց գիտեիք:

Տես նաեւ՝ Ռիչարդ Բախ. «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»