ԳլխավորԼուր

Հանդիպում ԵՊՀ-ում՝ ռուսագիր և անգլիագիր գրողների հետ

Երևանի պետական համալսարանի ուսանողները հոկտեմբերի 7-ին հանդիպեցին աշխարհի տարբեր երկրներից ժամանած բանաստեղծների հետ՝ ծանոթանալու այդ գրողների լավագույն գործերի ռուսերեն և անգլերեն տարբերակներին՝ միաժամանակ կարևորելով թարգմանությունների դերը պոեզիայում, հայտնում են Մայր բուհից:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը: Նա նշեց, որ այս միջոցառումը տեղի ունեցավ ամերիկյան «Փեն» («Փեն Հայաստան») կառույցի և ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի համագործակցությամբ՝ ի դեմս համալսարանի դասախոսների, որոնք ղեկավարում են սլավոնական լեզուների թարգմանությունների բաժինները:

Լ. Խառատյանն ասաց, որ սա գրողներին համախմբող հնագույն կառույց է, որը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների․ ավելացել են թարգմանիչների, նկարիչների բաժիններ, ինչն ավելի է մեծացրել նրա նշանակությունը գրական-գեղարվեստական աշխարհում: Այս ծրագիրը ստեղծված է ռուս և ամերիկյան պոեզիայի թարգմանությունների համար, և նրա նպատակն է հաղթահարել աշխարհում եղած բոլոր կոնֆլիկտները լեզվի, թարգմանությունների և գրականության միջոցով:

«Կառույցը զբաղվում է գրողների իրավունքների պաշտպանությամբ: Գրողները հավատում են խոսքի և գրականության ուժին, հավատում են, որ իրենց ստեղծագործություններով, իրենց խոսքով կարող են ինչ-որ դրական հետք թողնել», — ընդգծեց Լ. Խառատյանը:

Միջոցառման բանախոսներն էին ազգային տարբեր պատկանելության գրողներ, որոնք ստեղծագործում են ռուսերենով կամ անգլերենով: Նրանք ռուսերեն և անգլերեն տարբերակներով ներկայացրին իրենց որոշ ստեղծագործություններ:

Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի, ռուս բանասիրության ֆակուլտետի, թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի և արտասահմանյան գրականության ամբիոնի նախաձեռնությամբ: