Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչ Դանիել Լեպետին հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ և ներկայացրել այն հնարավորությունները, որոնք ուսանողներին կընձեռվեն Գերմանիայի բուհերում կրթություն ստանալիս, հայտնում են ԵՊՀ-ից:
Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների և նրանց ուսանողական մարմինների անկախ կազմակերպության ներկայացուցիչ Դ. Լեպետին գերմաներեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում։
Հրավիրյալ դասախոսն ուսանողների հետ հանդիպման սկզբում խոսել է գերմանական կրթության որակի, ընձեռվող հնարավորությունների ու հեռանկարների մասին, պատմել «DAAD»-ի մասին՝ նշելով, որ այն գերմանական բուհերից կազմված համընդհանուր մարմին է, որը միջազգային ակադեմիական փոխանակմանն օժանդակող ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում:
Ընդգծելով Երևանի պետական համալսարանի տված գիտելիքների մեծարժեքությունը՝ նա ներկայացրել է Գերմանիայի 423 համալսարաններից և քոլեջներից որևէ մեկում կրթություն ստանալու կարևորությունը՝ նշելով, որ ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան իրենց ստացած գիտելիքները կիրառելու գործնականում՝ դրանք առավել ամրապնդելով, հմտանալով և մտավոր ներուժը զարգացնելով։
Դ. Լեպետին հանգամանորեն անդրադարձել է Գերմանիայի կրթական ծրագրերին, ուսումնական կրթաթոշակներին, իսկ հանդիպման վերջում պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Ուսումնական ծրագրերի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով՝ www.hochschulkompass.de/en, www.daad.de/che-ranking: Դիմելու վերջնաժամկետն է 2022 թ․ հոկտեմբերի 28-ը։
Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության կողմից:
Հավելենք՝ «DAAD»-ը Հայաստանում գործում է 1999 թվականից, իսկ գրասենյակը պաշտոնապես հիմնվել է 2000 թվականին: