Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովի գլխավորած պատվիրակությունը ԵՊՀ-ում հանդիպեց ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի ու Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի հետ։
ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ընդգծեց, որ համալսարանն ունի մոտ 15000 ուսանող, 54 բակալավրիատի և ավելի քան 200 մագիստրոսական ծրագրեր. «Վերջին տարիներին մեր բոլոր կրթական ծրագրերն անցնում են եվրոպական հավատարմագրում, որպեսզի ուսանողների կրեդիտները ճանաչվեն եվրոպական բուհերում: Արդեն իսկ հավատարմագրվել են Կենսաբանության ֆակուլտետի, Ֆարմացիայի ինստիտուտի կրթական երկուական ծրագրերը, իսկ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական 6 ծրագրեր այժմ հավատարմագրման փուլում են»,- նշեց պրոռեկտորն ու հավելեց, որ ԵՊՀ-ն նաև հետազոտական կառույց է, և բուհում հընթացս իրականացվում են նաև միջգիտակարգային հետազոտություններ:
Էլինա Ասրիյանն այս համատեքստում հիշատակեց համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցանկերում («Times Higher Education», «Quacquarelli Symonds (QS)») ԵՊՀ-ի ներկայացվածությունն ու ունեցած բարձր դիրքը:
Պրոռեկտորը, հյուրերին ներկայացնելով ԵՊՀ-ի հետ համագործակցության հեռանկարները, մատնանշեց Բիզնես ինկուբատորի գործունեությունը, որն ուղղված է նպաստելու նորարարական գաղափարների զարգացմանն ու առևտրայնացմանը:
Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովն էլ հիշատակեց, որ դեռևս 2023 թվականին ԵՊՀ-ի հետ կնքվել է հուշագիր, որի շրջանակում կազմակերպվել են ԵՊՀ ուսանողների այցեր Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարան՝ երիտասարդական միջոցառումներին մասնակցելու նպատակով. «Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի համար ԵՊՀ-ի հետ համագործակցության պահպանումն ու ընդլայնումը մեր առաջնահերթություններից է: Մեր համալսարանում այս պահին սովորում են ավելի քան 25000 ուսանողներ, ինչպես նաև ունենք 60 երկրներից ժամանած շուրջ 2000 ուսանողներ: Կարծում եմ՝ կրթական ծրագրերի կազմակերպման տեսանկյունից բավական նմանություններ ունենք: Առաջիկայում կարող ենք «Միջազգային հարաբերություններ», «Հոգեբանություն», «Մանկավարժություն» մասնագիտությունների գծով երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող նախաձեռնություններով հանդես գալ»:
Էլինա Ասրիյանը, արձագանքելով առաջարկին, մատնանշեց՝ ԵՊՀ-ում գործում են նաև երկու հոգեբանական կենտրոններ, որոնցից մեկը մատուցում է առևտրային (կոմերցիոն) ծառայություններ՝ գեներացնելով բավական մեծ ֆինանսական միջոցներ, իսկ երկրորդն ամբողջությամբ անվճար է և գործում է ուսանողների համար. «Այս ձևաչափի հեղինակը մենք ենք. մեր մագիստրոսները, անցնելով երկու ամսվա վերապատրաստման դասընթացներ, իրենք են ընդունում ուսանող-հաճախորդներին: Այս ձևաչափը հետաքրքրել է նաև եվրոպական բազմաթիվ բուհերի, որոնք այն ներդնելու նպատակ ունեն: Մենք ունենք նաև բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքների պատվերներ հոգեբանության ոլորտում թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Եվրոպայից»,- ասաց պրոռեկտորն ու նշեց, որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ևս լայն համագործակցային կապեր ունի եվրոպական բուհերի հետ, որոնց մի մասի շնորհիվ ուսանողներին հաջողվում է մասանկցել կրկնակի դիպլոմով ծրագրերին:
Ալեքսանդր Մարգարովը հիշատակեց, որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ այս տարվա հոկտեմբերին կկազմակերպվի հերթական միջազգային գիտաժողովը, որին ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեծ հետաքրքություն են ցուցաբերում արտերկրի բազմաթիվ հետազոտողներ:
Խոսելով գործակցային կապերի ընդլայնումից՝ Ա. Մարգարովն ընդգծեց, որ կարող են նաև հեռավար դասախոսություններ կազմակերպել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներով: Նա պատրաստակամություն հայտնեց նաև ընդունելու հրավիրյալ դասախոսներ, որոնք թե՛ հիբրիդային, թե՛ առկա ձևաչափով կարող են ներկայացնել իրենց թեմաները:
Հանդիպումից հետո հյուրերի համար կլոր սեղան կազմակերպվեց մի շարք ֆակուլտետների ու Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ներկայացուցիչների հետ: