ԳլխավորԼուր

Մետաղ պարունակող միացությունների ազդեցությունը ԴՆԹ-ի վրա

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մետաղ պարունակող միացությունների ազդեցությունը ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների վրա էլեկտրոնային փնջով ճառագայթահարման դեպքում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը: Թեմայի մասին Ysu.am-ը զրուցել է աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Լուսինե Ալոյանի հետ:

Ժամանակակից ռադիոկենսաֆիզիկայի արդի խնդիրներից են կենսաբանական օբյեկտների վրա իոնիզացնող ճառագայթների ազդեցության արդյունավետության մեծացմանն ուղղված հետազոտությունները: Լուսինե Ալոյանի խոսքով՝ դա առավել ակտուալ է ճառագայթային թերապիայի դեպքում, որի նպատակն է ուռուցքային բջիջների ոչնչացումը։

«Կարևոր խնդիր է մնում ԴՆԹ-ի վրա իոնիզացնող ճառագայթների ազդեցության մեխանիզմների հետազոտությունը, քանի որ բջիջների «մահվան» առաջնային պատճառ է համարվում նրանց ԴՆԹ-ի ամբողջականության խախտումը»,- նշեց Լ․ Ալոյանը:

Նա նշեց, որ նախատեսում են ուսումնասիրել էլեկտրոնային փնջով ճառագայթահարման ժամանակ քիմիա- և ֆոտոթերապիաներում օգտագործվող պրեպարատների՝ ցիսպլատինի և պորֆիրինների ազդեցությունը ԴՆԹ-ի ֆիզիկական վնասվածքների վրա։

«Ֆիզիկական հետազոտությունները մեզ թույլ կտան որոշել ԴՆԹ–ի վրա ուսումնասիրվող միացությունների ճառագայթահարման ազդեցության հնարավոր ուժեղացումը և այն օպտիմալ կոնցենտրացիաներն ու դոզաները, որոնց դեպքում կստանանք սպասված արդյունքը»,-հավելեց Լ․ Ալոյանը:

Խմբի ղեկավարը նշեց, որ ստացված արդյունքները մեծ ներդրում կունենան ուռուցքների բուժման համար նախատեսված մեթոդների համատեղման գործում, ինչը կբարելավի առկա մեթոդները՝ նվազեցնելով կողմնակի ազդեցությունները և մեծացնելով մեթոդների էֆեկտիվությունը։

Նախագծի խորհրդատուն՝ դեկտոր Պավել Կարատաևը, Ջոն Ադամսի անվան («JAI») արագացուցչային հետազոտությունների ինստիտուտի անդամ է։ Վերոհիշյալ ինստիտուտը Մեծ Բրիտանիայում առաջատար կենտրոն է նոր արագացուցչային տեխնոլոգիաների մշակման և այդ բնագավառում փորձարարական գիտելիքների տրամադրման հարցում։

Նշենք, որ գիտական խմբում ընդգրկված են գիտությունների 1 դոկտոր, 2 թեկնածու և 1 մագիստրանտ: