2022 թվականի մայիսի 18-ին և 19-ին ավարտվել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով ատլետիկական հնգամարտի և ֆուտզալի հանրապետական եզրափակիչ 4-րդ փուլի մրցումները, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հնգամարտի մրցումներն անցկացվել են «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադաշտում:
Հնգամարտի մրցումներում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շիրակի մարզի թիմը՝ 871 միավորով, երկրորդ տեղում 694 միավորով Լոռու մարզի թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արցախի Հանրապետության թիմը:
Աղջիկների անհատական պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Լուիզա Դիլոյանը (Շիրակի մարզ), երկրորդ տեղում Լոռու մարզից Մերի Մկրտչյանն է (Լոռու մարզ), իսկ երրորդ տեղում՝ Լիա Դավթյանը (Արցախի Հանրապետություն):
Տղաների անհատական պայքարում էլ առաջին տեղը զբաղեցրել է Արմեն Աբգարյանը (Սյունիքի մարզ), երկրորդ տեղը՝ Գառնիկ Սարգսյանը (Շիրակի մարզ), իսկ երրորդ տեղը՝ Էդգար Բունիաթյանը (Գեղարքունիքի մարզ):
Ֆուտզալի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին, որոնք անցկացվել են Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում, մասնակցել են Շիրակի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության՝ միջմարզային նախընտրական փուլի արգելքը հաղթահարած դպրոցական թիմերը:
Ֆուտզալի մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի Մ. Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղում Կոտայքի մարզի Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցի թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի Արթիկի պետական քոլեջի թիմը:
1-ից 3-րդ տեղեր զբաղեցրած դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով և գավաթներով, իսկ մարզիկ-մարզուհիները՝ հավաստագրերով և մեդալներով: