Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում վերսկսվել է դպրոցականների համար մշակված կրթական ծրագիրը, որի շրջանակում աշակերտները մասնակցում են թեմատիկ դասախոսությունների և ծանոթանում Հայոց ցեղասպանության պատմության տարբեր դրվագներին։
Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 8-ին ՀՑԹԻ-ն հյուրընկալել էր Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներին: Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը նրանց ներկայացրել է «Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը» բանախոսությունը:
Իսկ հոկտեմբերի 10-ին Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի աշակերտներին Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը ներկայացրել է «Զոհի համընդհանրական բնութագրերը. նկարագրություն և դասակարգում» թեման։
Դպրոցականների համար նախատեսված կրթական ծրագիրը նպատակ ունի խորացնելու դպրոցականների գիտելիքները Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ, զարգացնելու պատմական իրադարձություններն ու դրանց հետևանքները վերլուծելու կարողությունները և նպաստելու պատմական հիշողության պահպանմանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




