ԳլխավորՀայաստանս

Լիսաբոնյան հնգյակի (Լիզբոն 5) հիշատակի օրն է

Այսօր Լիսաբոնյան հնգյակի (Լիզբոն 5) հիշատակի օրն է. 1983 թ․ հուլիսի 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը եւ Սարգիս Աբրահամյանը միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին վերստին խոսել հրահրելու համար հարձակվեցին Լիսաբոնի (Պորտուգալիա) թուրքական դեսպանության շենքի վրա եւ գործողության ավարտին՝ հայտարարություն տարածելուց հետո, պայթեցրեցին իրենց։

Գործողության մասնակիցներից որեւէ մեկը երբեւէ չէր եղել Հայրենիքում։ Ապրելով Լիբանանում՝ նրանք միայն լսել եւ ուսումնասիրել էին երկիրը, որտեղ երազում էին մի օր վերահաստատվել

Սիմոնը եւ Սարգիսը 21 տարեկան էին, Արան՝ 20, Վաչեն եւ Սեդրակը՝ 19։

Նախքան դեսպանության շենքը պայթեցնելը տղաները հայտարարություն են տարածել.

«Իմացեք` մենք ինչ ենք անում: Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել: Մենք ամեն ինչ կորցրել ենք եւ այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ դրա տակ:

Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին: Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետեւ թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը: Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է: Նախնիների ազատ եւ անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»:

Տղաները թաղված են միասին՝ Բեյրությում՝ Բուրջ Համուդի Ազգային գերեզմանատանը։ Գերեզմանի հուշաքարին միացյալ Հայաստանի քարտեզն է, որից վեր են խոյանում հինգ դաշույններ։

Comment here