ԳլխավորԼուր

Գենտի համալսարանում Հայաստանի մշակույթի և պատմության դասընթացներ կանցկացվեն

Գենտի համալսարան (Բելգիա)

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի միջև հեռավար ձևաչափով ստորագրվել է հայագիտական դասընթացներ իրականացնելու մասին փոխըմբռնման հուշագիր:

Այն համապատասխանաբար ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և Գենտի համալսարանի ռեկտոր Պետրա դե Սուտերը:

Հուշագրի շրջանակում Գենտի համալսարանում կիրականացվեն Հայաստանի մշակույթի և  պատմության դասընթացներ, կկազմակերպվեն աշխատաժողովներ, սեմինարներ, թեմատիկ գիտական օրեր, գործող դասընթացների շրջանակում կմշակվեն ուսումնական մոդուլներ, ինչպես նաև կկազմակերպվեն հայագիտությանը վերաբերող հանրային իրազեկման միջոցառումներ:

Ներկայում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ 11 երկրի 14 առաջատար համալսարաններում (Հռոմի Լա՛Սապիենցա, Վենետիկի Կա՛Ֆոսկար, Զալցբուրգի համալսարաններ, Մադրիդի Կոմլյուտենս, Արգենտինայում՝ Քեննեդիի և Ռոսարիոյի համալսարաններ, Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան, Թրակիայի Դեմոկրիտ համալսարան, Կահիրե համալսարան և այլն) գործող հայագիտական կենտրոններում և ամբիոններում կազմակերպվում են դասընթացներ, իրականացվում են գիտական ու հետազոտական աշխատանքներ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews