ԳլխավորԼուրՀայաստանս

Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. «Թաթոյան» հիմնադրամ

Ոսկեպար, Տավուշ

Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ, նշված է «Թաթոյան» հիմնադրամի հայտարարության մեջ:

«Սա անօրինական, միջազգային կանոններին հակասող գործընթաց է` մեր իրավունքների զանգվածային խախտումների և խաթարված անվտանգության հեռանկարով: Ադրբեջանն էլ այդքանով կանգ չի առնելու:

Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, որը բերելու է համայնքների մեկուսացման, միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ դառնալու են անօգտագործելի ու վտանգված, իսկ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն լրացնելու բացը: Վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը:

Ռազմավարական օբյեկտներ (գազատարներ, ջրային ռեսուրսներ և այլն) հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո:

Լինելու են նոր տեղահանվածներ, մարդիկ զրկվելու են ազատ ու անվտանգ տեղաշարժվելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից, անօգտագործելի են դառնալու արոտավայրեր, խոտհարքներ ու վարելահողեր, այգիներ, խաթարված է լինելու մարդկանց արժանապատվությունն ու հոգեկան անդորրը:

Այսինքն` տեղի է ունենալու այն, ինչ առկա է Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում` անվտանգության ընդգծված ռազմավարական խնդիրներով: Էլ չեմ խոսում համայնքների հարևանությամբ պարբերական դարձած ադրբեջանական կրանոցների ու ականների պայթյունների մասին:

2020թ. նոյեմբերից սկսած` բոլոր հնարավոր եղանակներով անընդհատ ասել եմ, որ անվտանգությունը չի կարելի առանձնացնել մարդուց, որ մարդու իրավունքները պետք է դրվեն Հայաստանի դիվանագիտության, բոլոր միջազգային հարթակներում քննարկումների հիմքում: Սա կօգներ ամրապնդել Հայաստանի միջազգային պաշտպանությունը, այդ թվում` պետական սահմանները պաշտպանելով:

Ներկայում տեղի ունեցողն արդյունք է կոպիտ սխալներով քաղաքականության, որը միայն ուժեղացրել է ու շարունակում է ուժեղացնել Ադրբեջանին և թուլացրել Հայաստանի դիրքերը»,-նշված է հայտարարությունում:

Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։

Օրեր առաջ էլ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ է ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։ Այս բոլոր գյուղերը գտնվում են ՀՀ Տավուշի մարզում` հայ–ադրբեջանական սահմանին։