ԳլխավորԼուր

Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում հայտարարել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին

Իլհամ Ալիև, Շառլ Միշել, Նիկոլ Փաշինյան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Բրյուսելում մայիսի 14-ին կայացած  եռակողմ հանդիպումից հետո։

Շառլ Միշելն ընդգծել է, որ ունեցել են բաց, անկեղծ ու արդյունքին միտված քննարկում։ «Նրանք կենտրոնացել են առաջընթացի վրա՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Ղեկավարները կիսում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ Ես բարձր եմ գնահատում նրանց համատասխան ջանքերը։ Միասին մենք վերանայել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը»,- հայտարարել է Միշելը։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջերս կայացած դրական բանակցություններից հետո պետք է պահպանվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու թափը։

«Սահմանային հարցերում մենք վերանայել ենք առաջընթացը և սահմանի սահմանազատման հետ կապված հաջորդ քայլերը։ Այս համատեքստում ղեկավարները պայմանավորվել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման շուրջ։ Ղեկավարները վերահատատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Նա նաև նշել է, որ կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։

«Այս թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումներն արդեն միմյանց մոտ են, մասնավորապես Նախիջևանի հետ և այդ հատվածով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում։ Նրանց համապատասխան խմբերին հանձնարարվել է վերջնական տեսքի բերել համաձայնագիր երկաթուղային հաղորդակցության վերականգնման պայմանների և համատեղ շինարարական աշխատանքների մասին՝ կոնկրետ գրաֆիկով։ Նրանք նաև պայմանավորվել  են օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից այս աշխատանքի համար»,- ասել է Շառլ Միշելը:

Անդրադառնալով հումանիտար հարցերին՝ Միշելն ընդգծել է, որ եղել է հասկացվածություն, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն մնացած պահվող անձինք։ «Ես նաև ընդգծել եմ փոխհասկացվածության պահպանման անհրաժեշտությունն առ այն, որ զինծառայողները, որոնք պարզապես մոլորվել և հակառակ կողմ են անցել, արագացված կարգով կշարունակեն ազատ արձակվել։ Մենք նաև քննարկել ենք անհետ կորածների ճակատագրերը պարզելու և ականազերծման աշխատանքներն ակտիվացնելու կարևորությունը»,- ասել է Միշելը։

Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտարարել է, որ շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի վերաբերյալ։ «Ես Ադրբեջանին կոչ եմ արել միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ մշակել պոզիտիվ օրակարգ՝ այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է ԵԽ նախագահը։

Հավելենք, որ Ադրբեջանի տարածքը, ըստ Վիքիպեդիայի, կազմում է 86.500 կմ²՝ Արցախի Հանրապետության տարածքը ներառյալ։