ԳլխավորԼուր

Արցախի ավելի քան 30 հազար երեխաներ մնացել են առանց ջեռուցման ու տաք ջրի. Գեղամ Ստեփանյան

Արցախի ավելի քան 30 հազար երեխաներ մնացել են առանց ջեռուցման ու տաք ջրի։

Այս մասին թվիթերյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Հարցնում եք՝ ինչն է պատճա՞ռը։ Պատճառն Ադրբեջանի ղեկավարության կողմից Արցախին Հայաստանից հասնող գազի մատակարարման դիտումնավոր ընդհատումն է։

Սա ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ հանցագործություն»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։

ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։

Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։

Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի