Ներկայացնում ենք հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա, տարօնականության հիմնադիր, Նժդեհի մտերիմ գաղափարական ընկեր Հայկ Ասատրյանի (05.02.1900-13.01.1956) մտքերից։
***
Հայը պատերազմ է հռչակել աշխարհին եւ խաղաղօրէն նստել օտարութեան մէջ ձեռք բերած իր խրճիթում: Խօսքով «ծովից ծով Հայաստան» է հոլովում, գործքով` անտարբեր է անգա՛մ «Արարատեան կորիզ»-ի ճակատագրի հանդէպ:
***
Հայ ժողովրդի ողբերգությունը նրանում է, որ արև է երգում («Արեգակն արդար»), բայց քնամոլ է («Ի ննջմանէ ծանրության»), իդեալիստ է, բայց դրամատենչ, հայրենասեր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ոչ կռահող, խելք ունի, բայց ո՛չ երևակայություն, սիրում է գիտությունը, բայց ծուլանում է նրանից օգտվել, գոռոզ է, բայց հարմարվում է նվաստությանը, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ, երազատես է, բայց ներկային գերի, ուժի պաշտամունք ունի, բայց ոչ հզորության կամք, կենսաբանական զորութենականություն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակութային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասեր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը։ Զգացումների շփոթ է հայ ժողովուրդը, շուռ եկած էություն։
Դարեր շարունակ հայը ճարտարորեն հաց հանեց իր բարձրավանդակից և կշտացրեց իր ոսոխներին, մի վայրկյանով վտանգից խուսափելու համար` նա վար իջավ իր լեռներից և երկրի ռազմագիտական կետերը հանձնեց քյուրտերին, մի վայրկյանով ավելի հանգիստ ապրելու համար` նա բռնեց արտագաղթի ճամփան: Ինչո՞ւ այսպես եղավ:
Հայը երկու բան չըմբռնեց — իր բարձրավանդակի արժեքն ու խորհուրդը և Մամիկոնյանների ցեղային կանչը:
***
Յաղթում է ո՛չ թէ նա, ո՛վ փաստերի եւ նրանց հետեւանքների մա սին է մտածում, այլ նա, ո՛վ գործում է եւ եզրակացութիւնը թողնում պատմութեան: Թւով սակա՞ւ ենք — բայց ահա՛ գիտութիւնը, որ կրկնապատկում է մարդկային ոյժերը: Հոգով տկա՞ր ենք — բայց ահա՛ արմենական ցեղը, որ կենսաբա նական ոյժի անսպառ աղբիւր է, կորովի շտեմարան: Մինչեւ այժմ ինչո՞վ յաղթեց մեզ թուրքը. իսլամի, քիւրտի, Եւրոպայի հակամարտութեան, գերմանացիների, դաշնակիցների, բոլշե ւիկների միջոցով: Ինչո՞ւ այս բոլորը թուրքին նպաստեցին. որովհետեւ մեր մէջ արմենական ցեղը չտեսան, այլ` հայ ժողովուրդը:
***
Հասունացել է Հայկական Բարձրաւանդակի առեղծւածը եւ վերջին, օրհասական կռիւը անխուսափելի է: Ո՞վ պիտի յաղթանակի: Նա՛, որ իբրեւ ժողովուրդ աւելի՛ ընդունակ է ինքնայաղթահարումի:
***
Թուրքը կարող է շատ բան անել: Բայց աշխարհի ողջ բրտութիւնը, բռնակալների գազանութիւնը եւ դիւանագէտների ամենանուրբ մաքիավելիականութիւնը չեն կարող մի բան անել — սրանք չեն կարող օրհասական վայրկեաններին ցեղերի ո գու շղթայազերծումը սանձել:
Իրերի տրամաբանութիւնը մեզ առաջնորդում է դէպի անկում: Բայց կայ նաեւ ոգու տրամաբանութիւնը, որ ճմլում է իրերի սիրտը, որ փոխում է պատմութեան ընթացքը:
***
Մտածումի ցրւածութեան անմիջական արդիւնքներէն մէկն է նաեւ «ես»-ի ներքին պառակտումը, ինչպէս եւ հասարակական կամքի բեկորացումը եւ հատւածապաշտութիւնը: Օրւայ հայ կեանքի պառակտումները հետեւանք են ազգային ընդհանրարժէք եւ հանրապարտա- դիր աշխարհայեցողութեան չգոյութեան: Բաւական չէ միութիւն քարո զել, պէտք է գտնել կառուցողական նիւթերը, միջոցները — հոգեւոր զէնքերը: Միութիւնը կը կառուցւի: Կը կառուցւին բոլոր ճշմարտութիւննե րը: Ճշմարտութիւնը հնարաւոր է, երբ գոյիմաստ խօսքի մը շուրջ կը հիւսւին շարք մը աններհակասելի դատողութիւններ:
Միութիւնը կը կառուցւի, երբ կայ հանրապարտադիր նպատակը, նաեւ բարոյական բռունցքը, որ ձգողական իր կարողականութիւնը կը ստանայ էաբանա- կան խորքէ մը: Երէկ եկեղեցին միացուցիչ ոյժ էր, որովհետեւ զօրաւոր էր հայ մարդու կրօնական զգացումը: Որո՞նք են օրւայ հայի տիրական զգացումները: Ինչի՞ շուրջ կարելի է կեդրոնացնել հայութիւնը:
Նկարը ստեղծված է ԱԲ-ի միջոցով