ԳլխավորԼուր

Երիտասարդական տարածք է բացվել Սառնաղբյուրում

Երիտասարդական տարածք է բացվել Սառնաղբյուրում

Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում տեղի է ունեցել երիտասարդական տարածքի բացման արարողություն, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառման ընթացքում  կատարումներով հանդես են եկել Անի համայնքի Մարալիկի երաժշտական  դպրոցի սաները:

Կարմիր ժապավենի կտրման հանդիսավոր արարողությունից հետո Քրիստինա Թաթարյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնի  տարածքում: Նախարարի տեղակալին ներկայացվել են ստեղծված պայմանները, տեխնիկական հագեցվածությունն ու ֆունկցիոնալ գոտիները, որոնք ծառայելու են տարբեր երիտասարդական ծրագրերի և ծառայությունների իրականացման համար: Երիտասարդական տարածքն ապահովված է ժամանակակից գույքով և անհրաժեշտ թվային միջոցներով, ինչը հնարավորություն կտա տեղի երիտասարդներին ինքնակրթվել, կազմակերպել մշակութային ու ժամանցային միջոցառումներ և իրականացնել նորարարական նախագծեր:

Սառնաղբյուրի երիտասարդական տարածքը հիմնվել է Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Անիի համայնքապետարանի համագործակցությամբ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews