ԳլխավորԼուր

Շիրակի մարզից այս տարի բուհ է ընդունվել 912 դիմորդ

Արաքսիա Սվաջյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, Շիրակի մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է 2023-2024 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը:

Խորհրդակցության մեկնարկին նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը անդրադարձել է Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տվյալներին։

Ըստ այդմ՝ 2023 թվականին Շիրակի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին միասնական և ներբուհական քննություններով մասնակցելու հայտ է ներկայացրել 1172 դիմորդ։ Մրցույթի հիմնական փուլում ընդունվել է հայտագրված դիմորդներից 881-ը (75,2%): Դրական միավորներով մրցույթից դուրս մնացած 33 դիմորդ (2,8%) հայտագրվել է մրցույթի լրացուցիչ փուլում: Ընդունվել է նրանցից 31-ը։ Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի հանրագումարում ընդունվել է 912 դիմորդ (77,8%), որոնցից 238-ը (ընդունվածների 26,1%-ը)՝ առաջին անվճար հայտով։ Շիրակցի դիմորդներն ամենաշատը դիմել են Շիրակի պետական համալսարան, այնուհետև Երևանի պետական համալսարան։ Նրանց համար ամենապահանջված մասնագիտություններն են` «Բուժական գործ», «Ֆինանսներ» և «Կառավարում»։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցերի։

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։ Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետությունում ԲՏՃՄ առարկաներ դասավանդող բոլոր ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան հավելավճար։ Պարզաբանելով փոփոխությունը՝ նախարարի տեղակալը նշել է, որ դպրոցները պետք է ուսուցիչների տվյալները ներբեռնեն ԿՏԱԿ-ի կողմից սպասարկվող Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ։

Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։

Առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Անդրադառնալով ոլորտի բարեփոխումներին` նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել տնօրենների հավաստագրման գործընթացի, նախադպրոցական համակարգում որակավորման տարակարգի ներդրման, նախադպրոցական կրթության նոր չափորոշչի ներդրման մասին:

Նշվել է, որ անցած տարի նախադպրոցական կրթության չափորոշիչը փորձարկվել էր 60 հաստատությունում. այս տարի այն կներդրվի ևս 130-ում:

Նշենք, որ 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը մեկնարկել է օգոստոսի 21-ին Արագածոտնի մարզից և կավարտվի օգոստոսի 29-ին` Երևանում: