ԳլխավորԼուր

Ապագա դիմորդներն այցելել են ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետ

Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ու Քիմիայի ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ թիվ 54 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն այսօր այցելել են ԵՊՀ, հայտնում են բուհի լրատվականից։

Այցի նպատակը դիմորդների մասնագիտական կողմնորոշումն էր, նրանց նոր գիտելիքներ ու հմտություններ հաղորդելը:

Դեկանի տեղակալ Արմեն Գալստյանն աշակերտներին ասաց, որ քիմիան շատ հետաքրքիր գիտություն է, ստեղծագործելու անսպառ հնարավորություններ է ստեղծում:

«Քիմիան կախարդանք է, եթե նրան լավ տիրապետես: Այստեղ դուք կստանաք որակյալ կրթություն և մրցունակ կլինեք աշխատաշուկայում»,- նշեց Ա. Գալստյանը:

Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Ադամյանի համառոտ դասախոսությունը հալոգենների հատկությունների ու դրանց կիրառությունների մասին էր: Ապագա ուսանողների տեսական նոր գիտելիքներն ամրապնդելու համար նրանց մասնակցությամբ կատարվեցին փորձեր՝ հալոգենների քիմիական հատկությունների վերաբերյալ:

Փորձերի ժամանակ աշակերտներին օգնում էր Քիմիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Շուշաննա Վարդանյանը:

Նա համոզված է, որ քիմիան իսկապես հետաքրքիր և պահանջված մասնագիտություն է. «Ֆակուլտետում ուսանողներին ընձեռվում են լայն հնարավորություններ՝ ձեռք բերել կարևոր հմտություններ, մասնակցել լաբորատոր աշխատանքների, ուսմանը զուգահեռ իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ ու մասնակցել փոխանակման տարբեր ծրագրերի»,-ասաց նա։