ԳլխավորԼուր

Արման Թաթոյանը դիմել է «Ֆեյսբուք»-ին Մոնթեի թեմայով գրառումների արգելափակման հարցով

Մոնթե Մելքոնյան

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղղել «Ֆեյսբուք»-ին։ Այս մասին Usanogh.am-ին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Հատուկ շեշտադրվել է, որ «Ֆեյսբուք»-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և «Ֆեյսբուք»-ին է ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու բուհական դասագրքերում:

Կից ներկայացվել են ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ: