ԳլխավորԼուր

Նա պերճ կինոկյանք ապրեց, բայց տրտում վերջաբանով. Զավեն Բոյաջյանը՝ Մոնիկա Վիտտիի մասին

Մոնիկա Վիտտին իտալական կինոյի ոսկեդարի ամենամեծ աստղերից էր, բայց այն աստղերից, որ խաղալ գիտեն, ավելին՝ նա ի վիճակի էր բառացիորեն ամեն ինչ խաղալ, Facebook-ի էջում գրել է կինոքննադատ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը։

«Մոնիկայի ամբողջ ընտանիքը գաղթել էր Ամերիկա, և նա, իր խոսքերով, դերասանուհի էր դարձել՝ օգտվելով հարազատների բացակայությունից:

Կինո էր եկել թատրոնի բեմից, ժամանակին Անտոնիոնիի մթնշաղային կինոաշխարհի մուսան էր, բայց կեղեքուն դրամատիկ դերերը դնելով մի կողմ՝ թիթեռի թեթևությամբ հայտնվեց իտալական կինոկատակերգության վառվռուն աշխարհում, միջազգային ասպարեզ ելավ, ինքն էլ ֆիլմեր նկարեց, 1993-ին հրապարակեց «Յոթ փեշ» հոյակապ ինքնակենսագրական գիրքը:

Բայց Մոնիկայի կյանքի վերջին տասնամյակները մթագնեց Ալցհայմերի հիվանդությունը: Վերջին անգամ նա հանրությանը երևացել է 2002-ին, դրանից հետո փակված էր տանը:

Ալցհայմերի հիվանդության հետևանքներից էլ վրա է հասել նրա մահը: Մոնիկա Վիտտին արդեն 90 տարեկան էր: Նրա խաղընկերներն ու ռեժիսորները, չնչին բացառությամբ, վաղուց են հեռացել: Մոնիկան մնացել էր ստվերների աշխարհում:

Նա պերճ կինոկյանք ապրեց, բայց տրտում վերջաբանով: Ինչևէ, Մոնիկա Վիտտին ընդմիշտ կմնա իտալական մեծ կինոյի ամենասիրելի դեմքերից մեկը»,-գրել է Զավեն Բոյաջյանը:

Իտալացի դերասանուհի Մոնիկա Վիտին մահացել է այսօր՝ փետրվարի 2-ին։