ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ի ուսանողները Բելառուսում մասնակցել են «Աստղային արշավ»-ին

Հունվարի 26-27-ը Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց «Աստղային արշավ» խորագրով միջոցառումների շարք։

Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ տարբեր երկրներից։ Հայկական պետական մանկավարժական համալսարանից «Աստղային արշավ»-ին մասնակցում էին Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Խաչատրյանը և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Վարդուհի Մկրտչյանը:

Միջոցառումն անցկացվում էր 57-րդ անգամ։ Նպատակն էր շրջել Բելառուսով, ծանոթանալ ազգի համար կարևոր նշանակություն ունեցող պատմական վայրերին։

Ձեռնարկի առաջին օրը ուսանողների մի խումբը եղավ Լիդ քաղաքում, ծանոթացավ տեղի պատմամշակութային կոթողներին, մասնակցեց քաղաքի երկու դպրոցներում կազմակերպված միջոցառումներին։ Նույն օրը արշավի մյուս խմբերը այցելեցին երկրի տարբեր մարզեր:

Հունվարի 27-ին «Աստղային արշավ»-ի 300 մասնակիցներից համալրված խումբը այցելեց Բորիսովկայի, Դերժնսիոկու և Սլուցկի շրջաններ: Ուսանողները մասնակցեցին կլոր սեղան-քննարկումների և հանդիպումների, ինչպես նաև սպորտային և մշակութային միջոցառումների:

www.aspu.am-ի հետ զրույցում Վարդուհի Մկրտչյանը նշեց, որ շատ կարևոր է նման ծրագրերին մասնակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս ապագա մանկավարժներին տեղում ծանոթանալ այլ երկրների կրթական համակարգին, ինչպես նաև պատմությանն ու մշակույթին․

«Մենք եղանք Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանում, ծանոթացանք կրթական գործընթացի կազմակերպամը, ծրագրերին։ Որպես ապագա ֆիզիկոս՝ ինձ շատ հետաքրքրեցին ֆիզիկայի լաբորատորիայի նրանց պայմանները։

Եղանք նաև Բելառուսի մի քանի դպրոցներում՝ արդեն որպես մանկավարժ տեղում ծանոթացանք երկու երկրներում կրության կազմակերպամն նմանություններին ու տարբերություններին»,-նշեց Վարդուհի Մկրտչյանը։

Վերջինս հավելեց նաև, որ բելառուս ուսանողները շատ հետաքրքրված են աստղագիտությամբ, քանի որ իրենց երկրում աստղադիտարան չկա․ «Երկուստեք ցանկություն կա ամրապնդել միջոցառման շրջանակներում ձեռք բերված կապերն ու աստղագիտության վերաբերյալ ունենալ համատեղ դասախոսություններ․ նրանց շատ հետաքրքիր են մեր փորձն ու Բյուրականի աստղադիտարանի հետ բուհի համագործակցության արդյունքները»։

«Աստղային արշավ»-ի ընթացքում կազմակերպվել են միջոցառումներ, մշակութային հանդիպումներ, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների պատմությունն ու մշակույթը։

ՀՊՄՀ-ի ուսանողուհիներ Լուսինե Խաչատրյանը և Վարդուհի Մկրտչյանը ծանոթացրել են Հայաստանի պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև հարյուրամյա պատմություն ունեցող բուհին։