ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ում կայացել է «Ընդհանուր հոգեբանություն» դասագրքի շնորհանդեսը

ՀՊՄՀ-ում կայացել է «Ընդհանուր հոգեբանություն» դասագրքի շնորհանդեսը

Հայկական պետական մանկավարժական համալսարանում ապրիլի 12-ին կայացել է ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Սուսաննա Փիլոսյանի «Ընդհանուր հոգեբանություն» բուհական դասագրքի շնորհանդեսը, տեղեկանում ենք բուհի կայքից։

Հայալեզու դասագրքում ներկայացված են հոգեբանության հիմունքները, քննարկված են հոգեբանության զարգացման փուլերի, հոգեկանի կենսաբանական հիմքերի խնդիրները, ուսումնասիրության մեթոդները, հոգեբանական տեսությունները, իմացական գործընթացները և այլն։

Շնորհանդեսին, որ նաև համընկել էր հեղինակի ծննդյան օրվա հետ, ներկա էր բուհի ղեկավար և դասախոսական կազմը, ուսանողներ, տարբեր տարիների շրջանավարտներ։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը դասագրքի լույսընծայումը կարևոր և սպասված իրադարձություն համարեց ինչպես ֆակուլտետի դասախոսական, այնպես էլ ուսանողական համակազմի համար։

Հոգեբանական գիտության բնագավառում մեթոդաբանական հիմնարարության տեսանկյունից աչքի ընկնող ձեռնարկը, հեղինակային մոտեցումը, ռեկտորի դիտարկմամբ, բավարարում է ժամանակակից դասագրքի բոլոր պահանջներին։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյան

Նա վստահ է՝ հեղինակ-ուսանող կամրջելու ճանապարհին դասագիրքն ընդհանուր հոգեբանության ոլորտում երկխոսելու լավագույն առիթն է։

«Ընդհանուր հոգեբանություն» բուհական դասագիրքը գրված է հոգեբանության տեսական և գործնական ժամանակակից ձեռքբերումների հիման վրա։ Առաջին անգամ որպես ուսումնամեթոդական ձեռնարկ հրատարակվել է 2017 թվականին, ապա երկու անգամ համալրվել և հարստացվել է հեղինակի կողմից։

Մասնագետները նկատում են՝ հոգեբանության տեսության բոլոր հիմնարար բաժինները ներկայացված են պարզ, մատչելի գիտական լեզվով, ինչը կարևոր է ուսուցման գործընթացի համար։ Ուսումնական ձեռնարկը նախատեսված է բուհերի ուսանողների, դասավանդող մանկավարժների, «մարդ-մարդ» համակարգում աշխատող մասնագետների, ժամանակակաից մարդու՝ որպես անհատի, անձի և անհատականության ողջ համակարգի ձևավորման գործոններով հետաքրքրված անձանց համար։

Պրոֆեսոր Փիլոսյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և հույս հայտնեց, որ իր գործունեությամբ փոխհատուցել է հարազատ կրթօջախին։

ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Սուսաննա Փիլոսյան

Հոգեբանական գիտությունների թկնածու Ռուբեն Աղզումցյանը, որ նաև գրքի գրախոսն է, վստահեցնում է՝  դասագիրքը տարբերվում է նախորդներից։  Պրոֆեսորը խորհուրդ է տալիս այն ընթերցել նաև մասնագետներին․ լինելով ոլորտի ներկայացուցիչ՝ իր համար ևս նոր բացահայտումներ է արել։

Շնորհանդեսն ուղեկցվեց ֆիմի ցուցադրությամբ․ ներկայացվեց Սուսաննա Փիլոսյանի գիտամանկավարժական գործունեությունը, գիտական հետաքրքրությունների շրջանակը, ընդարձակ և ընդգրկուն գիտահետազոտական ուսումնասիրությունները, գիտության և մանկավարժական կրթության զարգացման գործում նրա ունեցած հարուստ փորձն ու ավանդը։

ՀՊՄՏ ուսանողները «Ընդհանուր հոգեբանություն» դասագրքի շնորհանդեսի ժամանակ