ԳլխավորԼուր

Դասագրքերը կլինեն նաև էլեկտրոնային. նոր նախագիծ

Դասագիրք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի նախագիծը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին և ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությունը,

• դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,

• դասագրքում պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին,

• դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,

• դասագրքի շարադրանքի լեզուն պետք է համապատասխանի տվյալ տարիքային խմբի լեզվամտածողության առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով հնարավորինս պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ։

Նախատեսվում է, որ դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։ Թղթային դասագիրքը ունենում է իր թվայնացված տարբերակը, որը ձեռք է բերվում դասագրքի հետ միաժամանակ։ Սովորողը, ծնողի գրավոր համաձայնության դեպքում, կարող է հրաժարվել թղթային դասագրքերից և օգտվել էլեկտրոնային դասագրքերից:

Նախատեսում ենք, որ դասագրքերի ստեղծման մրցույթը կառանձնացվի դասագրքի հրատարակման մրցույթից։ Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։

Ներկայացված է նաև դասագրքերի փորձաքննության կարգը՝ համապատասխանության, բովանդակային, վարկանիշային գնահատման փուլերի միջոցով, ինչպես նաև գնահատող հանձնաժողովների ձևավորման կարգը՝ սահմանված պահանջներին համապատասխանող փորձագետների շտեմարան ձևավորելու և ձևավորված շտեմարանից համակարգչի միջոցով ընտրության միջոցով։

Սահմանված է, որ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն հետևյալ մասնագետները՝  տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ, մանկավարժ-մեթոդիստ, մանկավարժ-հոգեբան, հայոց լեզվի մասնագետ, նկարիչ-ձևավորող, բժիշկ-հիգիենիստ»,-գրել է Ժաննա Անդրեսայանը՝ մանրամասներին տեղեկալնալու համար առաջարկելով անցնել հետեւյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/3778/about