ԳլխավորԼուր

«Բացատրելով, համոզելով, երբեմն ստիպողաբար՝ ուսանողներին տանում ենք դահլիճ». ԵԹԿՊԻ ռեկտոր

Սրբուհի Գեւորգյան, Հարություն Խաչատրյան, Սառա Նալբանդյան

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար նոր հեռանկարներ են բացվում. այսուհետ բուհերի ուսանողները կարող են իրենց ֆիլմերը ցուցադրել Հայաստանի կինոգործիչների միության մեծ ու փոքր դահլիճներում, այնտեղ դիտել այլ հեղինակների կինոնկարներ, մասնակցել վարպետության դասերի ու փառատոնների: Նրանց նաև աշխատանքային հարթակ է տրամադրվելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ ամենը հնարավոր կդառնա  համագործակցության հուշագրի շրջանակում, որը կառույցների միջև ստորագրվեց փետրվարի 22-ին «Ազգային սինեմատեք» կինոթանգարանում:

Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով՝ դժվարանում են ուսանողներին համոզել անվճար ֆիլմեր դիտել, մասնակցել փառատոնների, անվճար ցուցադրել սեփական աշխատանքները:

«Մենք պատրաստ ենք ամեն բան անվճար տրամադրել, միայն թե նրանք սովորեն: Այստեղ կարող են հանդիպել վարպետների, նրանց հետ զրուցել ֆիլմերի շուրջ, քննարկումներ անցկացնել: Կարող են ֆիլմեր դիտել մեծ էկրանի վրա լավ ֆիլմեր նկարելու համար»,-շեշտեց Խաչատրյանը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի համոզմամբ՝ հուշագրի ստորագրմամբ հնարավոր է մի շարք խնդիրներ լուծել: Ըստ նրա՝ կարևոր է, որ ձևավորվի կրթական հարթակ ռեժիսորների, օպերատորների, կինոյի աշխարհի հետ կապված բոլոր ուսանողների համար:

«Կրթության լավագույն դասերն ուսանողները կարող են ստանալ նաև միությունում, որտեղ ոլորտի լավագույն մասնագետներն իրենց փորձը կփոխանցեն նրանց: Ինձ համար կարևոր է նաև այն, որ ստեղծվի հաղորդակցության հարթակ սերունդների միջև և «ինչո՞ւ»-ների պատասխաններ հնչեն: Միշտ մեծ տեղ եմ տալիս հաղորդակցմանը, որն Էմիլ Դյուրկհեյմը որակում էր որպես գիտակցությունների փոխներգործում: Այս առումով մասնագետների, ուսանողների, ոլորտի հարակից ներկայացուցիչների մասնակցությունը կրթական մոդելի ձևավորմանը մեզ համար կարևոր է»,-վստահեցրեց ռեկտորը:

Նա հույս ունի, որ նախաձեռնության շրջանակում ուսանողները կգտնեն այն երազանքների մարմնավորման հարթակը, որն ուրվագծված է նրանց ստեղծագործական երևակայության սահմաններում:

Թատերական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանն էլ խոստովանեց՝ շատ են ուսանողները, որոնք մոտիվացված չեն, որոնք ցանկանում են կինո նկարահանել, սակայն չեն դիտում ֆիլմեր:

«Մենք արդեն մեր բուհում սկսել ենք զբաղվել անգրագիտության լիկվիդացմամբ: Բացատրելով, համոզելով, երբեմն ստիպողաբար ուսանողներին տանում ենք դահլիճ: Մեր դահլիճում ևս հնարավոր է ֆիլմեր դիտել: Հիմա բոլորս փորձում ենք կրեդիտ սահմանել կինոդիտումների և վարպետաց դասերի համար»,-ասաց նա:

Թատերական ինստիտուտն ու կինոմիությունն արդեն աշխատել են միասին: Նալբանդյանը կարծում է՝ այդ փորձն արդյունավետ է և շատ ուրախ է նոր համագործակցության համար: