«Մի քանի ժամից ես կլքեմ այս աշխարհը։ Մեզ գնդակահարելու են այսօր ցերեկը՝ ժամը 15։00-ին։ Ինձ թվում է, թե սա պատահականություն է իմ կյանքում, ես սրան չեմ հավատում, բայց, այնուամենայնիվ, գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու»։ Այսպես է սկսում Միսաք Մանուշյանը սիրելիին ուղղված իր նամակը։
Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճը կրկին մարդաշատ էր։ Ֆրանսիայի դեսպանությունը, «Ֆիլմադարան» ՀԿ-ի և Ազգային գրադարանի հետ համատեղ, կազմակերպել էր հատուկ կինոցուցադրություն։ Էկրանին էր Ֆրանկ Կասենտիի «Կարմիր պաստառը» ֆիլմը: Ցուցադրությունը նվիրված էր Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփմանը փարիզյան Պանթեոնում, որը տեղի ունեցավ երեկ՝ փետրվարի 21-ին։
Օկուպացված Ֆրանսիայի պատերին փակցված կարմիր պաստառը ժողովրդի դատաստանին էր հանձնել մի խումբ օտարերկրյա, մեծ մասամբ՝ կոմունիստ պարտիզանների, որոնց ղեկավարում էր հայազգի Միսաք Մանուշյանը: Ֆրանսիայի համար պայքարող 23 ներգաղթյալ պարտիզաններից 22-ը, որ ձերբակալվեցին գերմանացիների ծավալած լայն արշավի ընթացքում, գնդակահարվեցին Մոն-Վալերիենում 1944 թվականին։
Լուի Արագոնի «Կարմիր ազդը» բանաստեղծությունը հենց այս իրադարձությունների մասին է, որը երգի է վերածել Լեո Ֆերեն։ Երգը հայերեն թարգմանել և կատարում է Պերճ Թյուրաբյանը։ Ցուցադրությունից առաջ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու այդ երգը։ Լեո Ֆերեի երգն էր հնչում նաև փարիզյան Պանթեոնում Մանուշյանների աճյունների ամփոփման ժամանակ։
Միսաք Մանուշյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում 1906 թվականին: 1915 թվականին զրկվելով ծնողներից՝ հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ սովորել է ֆրանսերեն և ծանոթացել ֆրանսիական մշակույթին: 1925 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, ակտիվ գործունեություն է ծավալել՝ իր շուրջը համախմբելով հայերին, գրական ամսագրեր հրատարակել, մասնակցել Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ։
1943 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մանուշյանի խմբի անդամներին։ Մանուշյանի կնոջը՝ Մելինե Մանուշյանին, հաջողվել է փախչել: Միսաք Մանուշյանը տանջանքների է ենթարկվել և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։
Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Փարիզում, Մարսելում, Վալանսում և Երևանում Մանուշյանի և նրա խմբի անունով անվանվել են փողոցներ, հրապարակներ:
1978 թվականի նոյեմբերի 4-ին Փարիզի Իվրի սյուր Սեն արվարձանի զինվորական գերեզմանոցում բացվել է Միսաք Մանուշյանի հուշարձանը (քանդակագործ՝ Արա Հարությունյան)։
2024 թ. փետրվարի 21-ին Փարիզի պանթեոնում տեղի է ունեցել Ֆրանսիայի ազգային հերոս հայազգի Միսաք Մանուշյանի և նրա կնոջ` Մելինե Մանուշյանի վերահուղարկավորության արարողությանը: Փարիզի ազգային պանթեոնում բացվել է Միսաք Մանուշյանին նվիրված “Vivre à en mourir” խորագրով ցուցադրությունը, որը կգործի մինչև սեպտեմբերի 8-ը: