Ամառ, ճամփորդություն, արկածներ, գրքեր…. Ամառը մի ուրիշ հմայք ունի, երբ մի զով վայր հայտնաբերած՝ սառը ըմպելիք վայելելով կամ ինչու ոչ՝ Ազգայինի ընթերցասրահներից որևէ մեկում մտովի ճամփորդում ես քո սիրելի գրքի հետ, նշված է Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Արկածային «Գանձերի կղզին», «Սև Նետը», «Դոկտոր Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» և այլ գրքերի հեղինակ շոտլանդացի գրող Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնն, օրինակ, գրել է, թե ինքը ճամփորդում է ոչ թե ինչ-որ տեղ հասնելու, այլ՝ շարժվելու համար:
Մտովի շարժվելը, միտքը շարժելը թերևս պակաս կարևոր չէ, իսկ Ազգային գրադարանի նոր համալրումներից արկածային գրքերի այս շարքը ամառվա հիանալի ամփոփում կլինի:
Հանրահայտ Գուլիվերի ու Սինդբադի ճանապարհորդությունները, Ժյուլ Վեռնի հռչակավոր ճամփորդական վեպերը ամռան զով երեկոյի պատրանք կստեղծեն: Երեխաններն իրենց համար նոր աշխարհներ կհայտնաբերեն, մեծերը կվերհիշեն իրենց արկածախնդիր, արկածասեր անցյալը:
Քրիստիի ու Սիմենոնի դետեկտիվ պատմություններն էլ մի յուրօրինակ ճամփորդություն կլինեն դեպի հերոսների հոգեբանության մութ խորքեր: Սթիվենսոնին դարձյալ մեջբերելով՝ գրքերով «ճամփորդենք ճամփորդելու, միշտ առաջ շարժվելու համար: Մեծ գործ է շարժվելը»»,-հորդորում են Ազգային գրադարանից: