Սեր չկա, սերը Ռոմեոն ու Ջուլիետն են հորինել և իրենց հետ էլ տարան այն աշխարհը, բոլոր տղաների մտքինն էլ, ի վերջո,նույնն է, միայն թե մեկը ցերեկով մոմ է վառում, մյուսը՝ էլեկտրական լույս, երրորդը՝ բանալիով անմիջապես փակում է դուռը: Փողոցում կյանք կոչվող կոնվեյերն է, ոչ ոք մյուսին չի ճանաչում, չի տեսնում, չի սիրում, որովհետև փողոցում միայն, միայն մեքենաներ են:
Ինձ թվում է, որ մարդուն ստեղծելիս Աստված կնոջը մի կտոր հայելի է տվել, իսկ տղամարդուն՝ մի կտոր խելք, և դրա համար էլ արդեն քանի հազարամյակ է՝ մեկն իր դեմքով է զարմացած, մյուսը՝ իր խելքով։
— Ժամը քանի՞սն է, չե՞ք ասի․․․ Ես գիտեմ, որ դա դատարկ հարց է։ Հարցնողը և′ ժամացույց ունի, և′ մի ամբողջ հավերժություն ազատ ժամանակ, ժամ հարցնելն ուղղակի ամենաանտիկ ձևն է աղջիկների հետ ծանոթանալու։ Ինձ թվում է՝ Պարիսն էլ Հեղինեի հետ ծանոթանալու համար ժամը հարցրեց․ արդյունքում կործանվեց մի լավ քաղաք՝ Տրոյան։
Եղբայրները չեն ուզում իրենց քույրերի հետ կինո գնալ, երբ 17-18 տարեկան են դառնում, նրանք ուրիշ աղջիկ են ուզում, ուրիշի քույր:
Ինչու՞ ենք մենք ուզում լկտի երևալ, ինչու՞ ենք վախենում սիրելուց, տառապանքից, մի՞թե մենք փչացած սերունդ ենք, ինչպես ասում են մեր մասին տրամվայում, սեղանների շուրջ, գրքերում:
Լավ չէ՞ր լինի, որ մեր ծննդականների հետ հենց դիպլոմներ տային: Ում ծնողն ինչ ուզում է: Չէ՞ որ, ի վերջո, այդպես է լինում: Ծննդատնից մեզ տուն կբերեն իբրև բժիշկ կամ ինժեներ, ճարտարապետ, գրող, իսկ ով ուզում է, թող հետո սովորի իսկականից:
Վարդգես Պետրոսյան, «Դեղատուն «Անի»»
Տես նաեւ՝ «Վերջին ուսուցիչը», «Օր եւ կյանք»
[…] նաեւ՝ «Դեղատուն «Անի»», «Վերջին […]