ԳլխավորԽճանկար

Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Երվանդ Մկրտչյան

Երվանդ Մկրտչյան

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք 33-րդ Օլիմպիական խաղերին ընդառաջ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Երվանդ Մկրտչյան

Միջին ու երկար տարածությունների վազորդ, Հայաստանի ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանն իր կարիերայի առաջին Օլիմպիական խաղերին է մասնակցելու:

— Երվա՛նդ, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

— Այս հարցը շատ են տվել, բայց եթե անկեղծ՝ չեմ կարող էմոցիաներս նկարագրել: Սա իմ առաջին մեծ, ամենաբարձր մակարդակի միջազգային մրցումն է: Զգացողություններս աննկարագրելի են, տրամադրությունս՝ շատ լավ, մարզավիճակս՝ ավելի լավ, քան երբևէ:

— Բավականին դժվար ստացվեց Ձեր ճանապարհը դեպի Օլիմպիական խաղեր, և մինչև վերջին պահն էլ հստակ չէր՝ ատլետներից ով կգնա: Այդ անհանգստությունը չէր խանգարո՞ւմ:

— Հունիսի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում բոլորս սրտի տրոփյունով սպասում էինք, թե ով կգնա: Ով էլ որ ընտրվեր Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, ես շատ մեծ ուրախությամբ կընդունեի այդ լուրը: Ես արդեն 12 տարուց ավելի սպորտում եմ, և սրանք իմ առաջին Օլիմպիական խաղերն են: Շատ ուրախ եմ, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն ընտրել է ինձ: Ուղղակի այնտեղ պետք է անեմ այն ամենը, ինչ մինչ օրս չեմ արել որևէ մրցման ժամանակ:

— Ձեր ակնկալիքները Փարիզ-2024-ից ինչպիսի՞ն են, Դուք ինչի՞ համար եք գնում Փարիզ:

— Նախևառաջ, շատ-շատ մեծ ցանկություն ունեմ փուլեր հաղթահարելու և հասնելու եզրափակիչ փուլ: Իսկ այնտեղ ցույց տալ լավ մասնակցություն, և անձնական բարձր արդյունք գրանցել: Չասեմ, թե մեդալի հավակնորդ եմ, քանի որ դրանից հիմա մի քիչ հեռու եմ, բայց 2028-ի Օլիմպիական խաղերին հաստատ կպայքարեմ մեդալի համար: Արդեն ասացի, որ հիմա մարզավիճակս բարձր մակարդակի է, ինքնազգացողությունս շատ լավ է: Ըստ էության՝ Հայաստանի նոր ռեկորդի առումով սպասելիքները բարձր են, բայց ես մտածում եմ ռեկորդից ավելի լավ արդյունք արձանագրելու և գոնե 1-2 փուլ հաղթահարելու մասին:

Երվանդ Մկրտչյան
Վազորդ Երվանդ Մկրտչյան

— Ի՞նչը կարող է խանգարել եզրափակիչ փուլ հասնելուն:

— Մարզավիճակս, այո, լավ է, բայց մարզումային պայմաններն էլ շատ կարևոր են: Անկեղծ, չեմ ուզում բողոքավոր լինել (ծիծաղում է- հեղ.): Կփորձեմ այստեղի պայմաններով ավելի մեծ արդյունքի հավակնել այնտեղ: Ոչ միայն այսպիսի մեծամասշտաբ մրցումներից առաջ, այլ, առհասարակ, պայմանները էական դեր ունեն: Ընդամենը մեկ ստադիոն ունենք Արտաշատում, որը միջազգային ստանդարտների մարզադաշտ է հիմա, բայց ինձնից շատ հեռու է. ես ապրում եմ Գյումրիում, չեմ կարող ամեն անգամ այնտեղ մարզումների գնալ, ուստի մարզվում եմ մեզ մոտ: Տեսնենք՝ ինչ կկարողանամ անել այս ամենով հանդերձ:

— Փարիզում անցկացրած հավաքը որքանո՞վ նպաստեց Ձեր մարզավիճակի լավացմանը:

— Բավականին դրական ազդեցություն է թողել, որովհետև միջավայրի ամեն մի նոր փոփոխություն արդյունքների աճ է տալիս, որովհետև այնտեղ նորմալ պայմաններ են, լարվածություն ու անհանգստություն չունես, չես մտածում, թե կարող է ոտքդ այնպես դնես, որ վնասվածք ստանաս: Մեզ մոտ ամեն անգամ մեծ լարվածություն կա. խորդուբորդ տարածքներում ենք վազում, միշտ վնասվածքների վտանգ կա: Բարձր մակարդակի պայմաններում հավաքից հետո սպասելիքները մեծանում են:

— Արդեն շատ անգամ եք խոսել, թե ինչպես ընտրեցիք ատլետիկան: Հիմա կասե՞ք՝ եթե չլիներ վազքը, ապա ի՞նչ:

— Երևի թե ոչ մի այլ բան: Ես ինձ չեմ գտել ինչպես վազքի որևէ այլ տարածության, այնպես էլ ատլետիկայի այլ մրցաձևերի մեջ: Իմ անձնական մարզիչը հեռացատկորդ է եղել, ուզում էր, որ ես ևս այդ ձևով զբաղվեմ, բայց ես ավելի հակված էի միջին և երկար տարածությունների վազքին:

— Մինչ այս պահը Ձեր կարիերայում Ձեզ համար ամենահիշարժան պահը ո՞րն է եղել:

— Պատանի տարիքում Հայաստանի մեծահասակների չեմպիոն դառնալը:

Բլից հարցեր

  • Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:
  • Բրիտանացի վազորդ Մո Ֆարայի:
  • Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:
  • Եղիր բարի:
  • Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
  • Ընկերությունը, հարազատությունը:
  • Ինչի՞ց եք վախենում:
  • Կորցնելուց:
  • Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:
  • Աստծուն:
  • Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:
  • «Բարի մարդու պատմություն» (ծիծաղում է- հեղ.):
  • Հարց, որին միշտ ցանկացել եք պատասխանել, բայց դեռ չեն հարցրել:
  • Նման հարց չկա, միշտ հարցնում են:
  • Սիրելի ֆիլմը:
  • «Հարսնացուն Հյուսիսից»
  • Սիրելի գիրքը:
  • Չունեմ:
  • Երաժշտական ժանրը:
  • Ռեփ: