Հունաստանում վառվեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավանդույթի համաձայն կրակն արևի շողերից վառեցին տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները` հունական Օլիմպիա ավանում` Հերայի տաճարի մոտակայքում: Այս տարի կորոնավիրուսի պատճառով վառման հանդիսավոր արարողությանը ներկա չէր ոչ մի հանդիսական: Կրակի առաջին ջահակիրը Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, ազգությամբ հույն հրաձիգ Աննա Կորակակինն է:
Օլիմպիական կրակը մարտի 19-ին կուղևորվի Ճապոնիա, որտեղ կշրջի ամբողջ երկրով մեկ և խաղերի բացման հանդիսավոր արարողության օրը կբերվի օլիմպիական մարզադաշտ:
Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Աթենքում այդ ժամանակ կայացել են Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով են չեղարկվել երեք խաղեր` 1916 թվական- Բեռլին, 1940 թվական-Տոկիո և 1944 թվական-Լոնդոն: Մինչ այս Օլիմպիական խաղերն ամենից շատ հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):
Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսն է, որը նվաճել է 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ։
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյում կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում:
1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։