ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

«Մահվան պես հզոր». Գի դը Մոպասան

• Ես ձեզ այնպես եմ սիրում, որ նույնիսկ սիրում եմ ձեր պատճառով կրած իմ տանջանքները, սիրում եմ իմ տագնապները, տվայտանքները, խանդի նոպաները, վիշտը՝ որ կրում եմ, երբ զգում եմ, որ դուք այլևս այնպես քնքուշ չեք վարվում ինձ հետ: Ես հանձինս ձեզ սիրում եմ նրան, որին ես ինքս եմ գտել…

• Կրքի շունչը ամենամաքուր սրտերում երբեմն նման է քամու թափին, որ ավլում-տանում է կամքը:

• Ծիծաղից չեն մեռնում բարձր հասարակության մեջ: Այնտեղ հազիվ են ծիծաղում: Մարդահաճության ու բարեկրթության համար ձևանում են, թե զվարճանում են, ձևացնում են, իբրև թե ծիծաղում են: Ծիծաղի ծամածռությունը նմանեցնում են բավական հաջող, բայց դա իսկական ծիծաղը չէ: Գնացեք ժողովրդական թատրոններ և կտեսնեք, թե ինչպես են մարդիկ ծիծաղից թուլանում…Բայց մեր հյուրասրահներում չեն ծիծաղում: Ես ձեզ կասեմ, որ այնտեղ ամեն ինչ կեղծ է, նույնիսկ ծիծաղը:

• Օլիվիեն հանկարծ լցվեց այն բարկությամբ, որը սիրահարվածների մոտ սերը վերածում է ատելության: Օլիվիեն ամբողջ հոգով ու մարմնով նյարդային ուժեղ ցնցում զգաց և իսկույն, առանց ցնցումների, ատեց կոմսուհուն: Այո, այո, այդպես է կինը ընդհանրապես: Նա նման էր ուրիշ կանանց: Ինչու չէ: Նա կեղծ էր, փոփոխամիտ, փոքրոգի, ինչպես բոլոր կանայք: Նա իրեն գրավել, հրապուրել էր խորամանկություններով, ջանալով իրեն գժվացնել և հետո ոչինչ չտալ, գրգռել եւ հետո մերժել, իր նկատմամբ գործադրելով ձևերը ստոր պչրուհիների, որոնք ասես միշտ պատրաստ են մերկանալու, քանի դեռ նրանց պատճառով փողոցային շան նման դարձած տղամարդը չի սկսել հևալ կրքից:

• Որպեսզի իսկական սեր լինի, երկու էակներ պետք է այնպես ծնված լինեն միմյանց համար, միացած լինեն հայացքների ու ճաշակների այնպիսի ընդհանրությամբ, մարմնական ու հոգեկան այնպիսի նմանությամբ, բնավորության այնպիսի նմանությամբ, փոխադարձ այնպիսի կապերով, որ արդեն անբաժանելի լինեն մեկը մյուսից:

• Վիշտը տասնութամյա հասակում երկար չի տևում:

• Սիրողի սիրտը տիրական պահանջ ունի աշխարհում միակը լինելու սիրածի աչքերում… Սիրողն ուզում է, որ սիրածն այլևս ոչ ոքի չտեսնի, չճանաչի, չգնահատի… Հենց որ նա նկատում է, որ սիրուհին ցանկանում է մեկին ճանաչել կամ նկատել, նա ձգտում է բռնել նրա հայացքը և եթե չի կարողանում գրավել նրան ու շեղել, տանջվում է սրտի խորքում։

• Երբ մարդ երիտասարդ է, նա կարող է սիրել հեռվից` նամակներով, խոհերով, զմայլագին երազներով, գուցե զգալով, որ կյանքը դեռ առջևում է, գուցե նաև, որովհետև մարդ այն ժամանակ ապրում է ոչ այնքան սրտի պահանջներով, որքան կրքով:

• Երբ կինը ատում է իրեն բռնությամբ տիրած տղամարդուն, նա չի կարող այդ տղամարդու առջև գտնվել առանց իր ատելությունը պոռթկալու: Բայց նա չի կարող և անտարբեր մնալ այդ տղամարդու նկատմամբ: Նա, իհարկե, կա′մ կատի այդ տղամարդուն, կա′մ կների: Երբ նա ներում է, ապա նա շատ հեռու չէ սիրելուց:

• Սիրել կարելի է միայն մեկ անգամ: Իսկ սիրտը կարող է հաճախ հուզվել որևէ ուրիշ էակի հանդիպումից, որովհետև մարդիկ միմյանց նկատմամբ տածում են կա′մ ձգողական, կա′մ վանողական զգացումներ:

• Մարդ երբ սիրում է, չկա ավելի լավ բան, քան տալ, միշտ տալ ամեն ինչ, իր կյանքը, իր միտքը, իր մարմինը, ամեն ինչ, որ մարդ ունի և լիովին զգալ, որ տալիս է, և պատրաստ է էլ ավելին տալու:

• Ոչինչ չի կարելի բռնել, ոչինչ չի կարելի պահել: Մարդ նույնիսկ ժամանակ չի ունենում վայելելու այն, ինչ լավն է: Իսկույն վրա է հասնում վերջը:

• Մարդիկ միշտ ուրիշներին են վերագրում սեփական մտածելակերպը և կարծում են, որ նրանք պատրաստ են անելու այնպես, ինչպես իրենք կանեին նրանց տեղում:

Գի դը Մոպասան (1850-1893), «Մահվան պես հզոր»

Comment here