ԳլխավորՄի կտոր գիրք

«Տժգո՜ւյն աղջիկ, հյուսիսայգի աչքերով». Ռուբեն Սևակ

Հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սեւակի (15.02.1885 -26.08.1915) (Ռուբէն Չիլինկիրեան) ծննդյան օրն է։

ԳԻՆՈՎ ԳԻՇԵՐ

Օդին մեջ խունկ կա, օդին մեջ համբույր,
Օդին մեջ գգվանք, օդին մեջ գաղջ բույր.
Բյո՜ւր, բյուր դիցանույշ կարծես շշնջեր
Չորսդիս, այս գիշեր օդին մեջ ինչե՜ր…։

Ցայգին մեջ թրթռում մը կա անդադրում,
Սիրո պես հըզոր, սիրո պես տրտում,
Հազար աստղ կարծես մեկ-երկու պաչեր
Վերևս, այս գիշեր երկնքին մեջ ինչե՜ր…։

Լիճն արծաթ փրփրով վե՜ր կը սլանա,
Ամեն ալյակե մեկ-մեկ սիրենա
Ինձ կախարդ հրավեր կարծես շշնջեր.-
Այս գիշեր լճիս ծոցին մեջ ինչե՜ր…։

Ա՜խ, տաք սիրտ մ’ըլլար, երկու թաց աչեր,
Գլուխըս սիրո կուրծքին վրա հանգչեր.
Թևերս իր մերթ թևին վրա խաչեր…
Այս գիշեր գինո՜վ սրտիս մեջ ինչե՜ր…։

ՔՆԱՑԻՐ…

Դուրսը մարմանդն իջավ,
Հեռվեն լիճը հանգեցավ,
Հալած անուրջ մը չէ՞ անծիր…
Բարձերուն մեջ, ահ, քնացի՜ր։

Ձյունը կիջնե տենդահոլով…
Իմ ճերնակ սերս ալ դողդղալով
Թարթևանես վա՜ր մտացիր
Կմաղվի՜ վրադ, ո՜հ, քնացի՜ր։

Երգ մը չէ՞, որ կուլա հեռուն…
Լուռ օրհներգի մը վանկերուն
Նըման իմ սերըս անձանձիր
Կմաղվի՜ վրադ, ո՜հ, քնացի՜ր։

Մահը շրջեր քունիդ մեջեն։
– Հե՜գ մեռելները կանրջե՞ն։
Դագաղդ ըլլամ ես սևածիր,
Ու դուն այսպես մեջն քնացիր…

ԳԻՇԵՐՆ ԻՋԱՎ

Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
– Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն…

Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ’է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
– Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
– Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն…

ՈՒ կձայնե մատուռն հստակ.
– Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն…

ԵՐԳ ԵՐԳՈՑ

Երա՞զ, տեսի՞լ, անգո ստվե՞ր մ’անհոգի,
Ճառագայթի, փրփուրի խա՞ղ մը տարտամ:
Քմայապաշտ ծաղի՜կ մ’արդյոք ցընորքի,
Քու մշուշոտ գիծերուդ ի՜նչ անուն տամ.
Երա՞զ. տեսի՞լ, անգո ստվե՞ր մ’անհոգի:

Քու կապույտիդ վճիտ, աղվոր ջուրերու
Եթերային անրջանքին է հանգույն.
Ու քու կարմի՛րըդ Պենկալյան վարդերու
Երազամած կարմըրության պես տժգույն.
Գոգն աչերուդ կապույտն ունիս ջուրերու:

Արցունքիդ պես նայադներ պար կը դառնան:
Այդ ի՞նչ հեշտանք որ շրթներուդ մեջ կը’մպես.
Շունչըդ գինով է հովերու պես գարնան,
Ձայնըդ տարփոտ` աղբյուրներու երգին պես…
Արցունքիդ մեջ նայադներ պար կը դառնան:

Կը հմայեն զիս քու աչերըդ, կը շոյե՜ն,
ՈՒ մարմինեդ ծորող խունկը մեղավո’ր,
Ավելի քաղցր է Քանանու գինիեն…
Հազարբուրյան այս պատարա՞գն է աղվոր,
Թե լո՛ւյծ աչերդ որ մութ հոգիս կը շոյեն:

Հրաշագո ո՜հ, քու անդրիդ բյուրեղե.
Սրունքներուդ սարսռացող ձյունն հրաշեկ,
ՈՒ անանո՜ւն ցոլքը որ քեզ կողողե,
Մորթիդ թաքուն գանգուրներուն խուրձը շեկ…
Հրաշագո՛… ո՜հ, քու իրանդ բյուրեղե:

Տենչերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր
Որ բազուկնե՜րըս չը փընտռեն քեզ իմ քով,
Սիրտս ո՜ւր էր որ կուրծքեդ ոչինչ չը հիշեր,
Մինչև առտու պիտի հալեր արցունքով…
Կիրքերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր:

Իզո՜ւր: Հոգիս թաղվել կուզե հուլորեն
Ստինքներուդ մտերմությանը մեջ կույս.
Ու անութիդ որոշ ծալքերը նորեն
Գիտեմ որ զիս պիտի տանջեն մինչև լույս…
Քու մե’ջդ հոգիս թաղվել կուզե հուլորեն:
Տժգույն աղջի’կ, հյուսիսայգի աչքերով,
Կոպերուդ վրա ու բիբերուդ մեջ խոնավ
Այդ ի՜նչ անճառ երանություն, ի՜նչ գորով…
Ո’չ մեկ արգանդ քե՜զ պես հրաշք չըծնավ,
Տժգո՜ւյն աղջիկ, հյուսիսայգի աչքերով:

ԱՐՑՈՒՆՔԻՆ ՔԵՐԹՎԱԾԸ

Այտերն ի վար, այտերն ի վար ուր հավետ
Կը տոչորի հետքը վերջին համբույրին,
Իջի՛ր արցունք, զովությանդ մեջ երկնավետ,
Թող սերերու հետին բոցերը մարին։

Գգվանքներու ծովուն վրա ալեվետ,
Մեռած, թոշնած խոստումներուն վրա ցրտին՝
Իջիր, արցունք, զովությանդ մեջ կենսավետ,
Իջիր սառած երազներուն վրա սրտին։

Համբույրներս թերթերուն վրա ցիրուցան,
Անոնց վրա որ ժպտեցան ու անցան․
Ու խեղճ սրտին մոխիրներուն վրա տրտում
Փլատակներուն վրա տենչին ու հույսին․

Իջի՛ր, արցունք, գորովանքովդ անդադրում։

***
Եկուր սիրենք, եկուր սիրվինք,
Եկուր պատմեմ քեզ մեկուսի,
Գաղտնի, ահեղ սեր մը սըրինգ,
Որ տակավին մեկուն չըսի…
Երթանք կապույտ սարն հեռակա,
Մարդերեն վեր, աստղերուն տակ,
Մեր լացին լոկ սերը վըկա,
Ու ձայնակից ըլլա վըտակ…

ՍԵՐՈՎ, ՍԵՐՈՎ…

Սերով, սերով խոցեցիր զիս,
Սիրտըս սերով խոցեցիր,
Սիրտըս ջահել` վարդի պես բաց,
Դագաղի պես գոցեցիր…
Դուն քաղցրությամբ խոցեցիր զիս,
Սիրտըս սերով լափեցիր,
Սիրտըս ջահել` վարդի պես բաց,
Մեկ համբույրով խաբեցիր…
Երգով, վերքով օրրեցիր զիս,
Սրտիս տատասկ ցանեցիր,
Ջահել սրտիս վարդերը բաց,
Հովին տվիր ցանուցիր…

***
Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի պես,
Ուր խավարներ կը փոթորկին մոլեգին,
Երկու աչերդ` աստվածներու սկիհին պես,
Տուր ինձ անոնց մեջ սրբացնել իմ հոգին.
Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի պես…
Եկո’ւր ինծի, քեզ կ’ըղձա շունչըս անզոր.
Եկո’ւր, ես մութ բաներ պիտի քեզ ըսեմ,
Սիրո պես քաղցըր ու Մահվան պես հըզոր.
Գերեզմանիս լացող սյուքին պես նսեմ,
Եկո’ւր ինծի, քեզ կ’ըղձա շունչըս անզոր…

ԵՐԹԱ՜Լ…

Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ անձայն, անհանդես,
Երթա՜լ առվի՛ն պես՝ մարգերու տակ անտես.
Կապույտին մեջ՝ հե՜զ, հողմնավար ամպին պես…:

Երթա՜լ՝ առա՛նց գիտնալու թե դեպի ո՞ւր,
Երթա՜լ՝ հեռո՛ւ ոստաններեն այս տխուր.
Երթալ՝ խավար գիշերին մեջ թաքթաքուր…:

Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ առանց ճրագի.
Երթա՜լ՝ առա՛նց սուգի, լացի, փափաքի.
Երթա՜լ՝ առա՛նց սովի, առա՛նց պապակի…

Երթա՜լ՝ մարդոց կույտին մեջեն լռելյայն.
Օտար մըն ալ իրենց Ցավին, Գիտության.
Երթա՜լ տգե՛տ, խո՛ւլ, հա՛մըր, կո՛ւյր հավիտյան…:

Չը գիտնա՛լ որ հոս Իդեալը չիկա՜…:
Ուխտագընա՜ց երթալ ափերն հեռակա
Դեպի ուղին Երջանկության մշտակա…:

Աննյութանա՜լ, անրջանա՜լ, վըսե՜մ, վե՜ս.
Երթալ անցա՜յգ, անա՜յգ, երթա՛լ վերջապես.
Աչքերը գոց՝ ցայգաշրջիկ խեղճին պես…:

Երթա՜լ, երթա՜լ, չը ճանչնալ Մա՛րդ ու Աստվա՛ծ,
Զո՜ւյգ երթալ՝ ձեռքըդ քո՜ւյր ձեռքի մեջ դըրած
Անրջանքի՜ն ու Սիրույն պես – աքսորվա՜ծ…

ՀԱՅԱՍՏԱՆ

Ո՞վ կու լա այսպես խշտյակիս շեմքին.
– Քո՛ւյր, ղարիպն է, բաց:

Կմա՞խք մը կ՚անցնի դուրսեն լալագին.
– Սովն է, դուռըդ բաց:

Տապա՞րն է ջախջախ դրանըս կուրծքին.
– Ջարդն է, դուռըդ բաց:

ԻՆՉՈ՞Ւ

Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր,
Փոքրի՛կ աղջիկ, քեզի մե՜ղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր,
Դուն ծե՜ր արծիվ մը բանտեցիր…

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապո՜ւյտ աղջիկ՝ պլպուլն երգ է՜ր.
Քե՛զ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռո՛ւնչս ընտրեցիր…

Ես կ’երթամ մի՜շտ, անծայրածի՜ր
Դամբաններ են ոտքիս հետքե՜ր.
Քեզ սիրո մեղմ սյո՜ւք մը պետք էր,
Դուն փոթորկի՜ն կուրծքդ բացիր…

Կ’այրի՜ն աչերըդ սևածիր,
Պիտի մեռնի՜ս, այդպես մ’երգեր.
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սեր-Աստվածը սիրեցիր…

ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ

Ահա՛ կուգամ երջանկության ակերեն,
Արյունըս դեռ երազորեն կը հևա
Ու արցունքներ արտևանունքըս կ’այրեն։

Աղբյո՜ւր, աղբյո՜ւր, ի՜նչ հըրճվանքով տենդագին
Երկարեցի թըշվառ շրթներըս ակիդ
Ու ի՜նչ սիրով ըմպեցի ջո՛ւրըդ անգին։

Ոհ, կուզեի մընալ հավետ ակիդ քով,
Նիհար ճակատս կռթնցընել քու քարիդ.
Թաղվիլ ջուրիդ երջանկությա՜ն պատանքով։

Ու կուզեի հալիլ կուրծքիդ մեջ անհետ,
Լույծ մարմնույդ մեջ կաթի՛լ մ’ըլլալ, կե՛տ մ’ըլլալ,
Երգե՜լ, հևա՜լ, քեզի նըման, քեզի հետ։

Ի՜նչ մոգություն կար մարմինիդ մեջ համակ,
Ի՜նչ կ’ըսեին ալիքներըդ վազելով,
Ու ի՜նչ հմայք կար փրփուրիդ մեջ ճերմակ։

Շրթունքս դեռ քեզ կը փնտռեն տենդագին,
Ու հըրատապ այտերես վար մեղմորեն
Դողդըղալով կը սահի ցո՛ղը կյանքին…
Ահա կուգամ երջանկության ակերեն։