ԳլխավորՄի կտոր գիրք

Ֆրանսուազ Սագան. «Բարեւ, թախիծ»

Այսօր ֆրանսիացի գրող Ֆրանսուազ Սագանի (21.06.1935-24.09.2004) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք հատվածներ նրա «Բարեւ, թախիծ» ստեղծագործությունից, որը հրատարակվել է, երբ հեղինակն ընդամենը 19 տարեկան էր։

***

Այս անծանոթ զգացմունքը, որ մեղմ ձանձրույթով հալածում է ինձ, ես վարանում եմ կնքել գեղեցիկ և հանդիսավոր անունով՝ թախիծ: Դա այնպիսի համակործան և այնպիսի եսասեր զգացմունք է, որ նրանից ամաչում եմ, մինչդեռ թախիծը ես միշտ հարգել եմ: Այդ զգացմունքն ինձ անծանոթ էր, բայց գիտեի, թե ինչ է տաղտուկը, ափսոսանքը, ավելի պակաս ինձ ծանոթ էր խղճի խայթը: Իսկ հիմա, ինչ-որ բան՝ մետաքսի պես և՛ հաճելի, և՛ նյարդայնացնող, փաթաթվում է ինձ, անջատում մյուսներից:

***

Այն, ինչ համարում եք խելացի տարօրինակություն, տարիքի տարօրինակություն է: Հայրս հեռացել էր, նա ատում էր նման խոսակցությունները: Ճանապարհին ձեռքս բռնեց ու պահեց: Դա ամուր և սփոփող ձեռք էր. այդ ձեռքը սրբում էր սիրո իմ առաջին արցունքները, հանգստության և լիակատար երջանկության պահերին բռնում էր իմ ձեռքը, գողունի սեղմում էր նաև մեղսակցության կամ ծիծաղի պահերին: Ես սովոր էի նաև այդ ձեռքը տեսնել ղեկի վրա կամ երեկոյան՝ բանալին բռնած, բանալու անցքն ապարդյուն փնտրելիս, որևէ կնոջ ուսին, կամ սիգարետը բռնած: Սակայն այդ ձեռքն այլևս ոչինչ էր կարող ինձ համար անել: Ես շատ ուժեղ սեղմեցի այն: Հայրս դարձավ ինձ և ժպտաց…

***

Եվ նրա ձայնը այնպես համոզված էր, այնպես քնքույշ, որ ես հասկացա. առանց ինձ հայրս, իրոք, դժբախտ կլիներ: Մինչև ուշ գիշեր խոսում էինք սիրո և դրա կնճռոտ խնդիրների շուրջ: Հորս համար այդ բոլոր խնդիրները հորինովի էին: Նա կտրականապես մերժում էր հավատարմության, հարաբերությունների լրջության, մարդկային պարտավորությունների գաղափարները: Ինձ բացատրում էր, որ այդ բոլորը քմահաճ են ու անպտուղ: Հորիցս բացի ով էլ ասելու լիներ այդ մասին, ինձ կապշեցներ: Բայց ես գիտեի, որ այս պարագայում դա չէր բացառում ո՛չ քնքշությունը, ո՛չ անձնվիրումը, զգացմունքներ, որոնք նրա ուզելուն պես ծնվում էին, քանզի գիտեր, որ դրանք ժամանակավոր են: Այդ պատկերացումներն ինձ հրապուրում էին. արագածին, կատաղի և անցողիկ սեր: Ես դեռ այն տարիքում չէի, երբ հավատարմությունը գրավիչ է: Ես շատ քիչ բան գիտեի սիրո մասին. ժամադրություններ, համբույրներ և տաղտուկ…

***

Նա չժպտաց: Նա ժպտում էր միայն այն դեպքում, երբ ցանկանում էր, և ոչ թե մյուսների նման, որ քաղաքավարությունից մղված են ժպտում:

***

Այդ շաբաթվանից ես հուշեր եմ պահել, որոնք սիրում եմ փորփրել այսօր, որպեսզի տանջանքի ենթարկեմ ինքս ինձ:

***

Մենք խոսում էինք ամեն ինչի մասին՝ սիրո, մահվան, երաժշտության: Բայց նա լքել էր ինձ, ինքն իր ձեռքով զինաթափել էր ինձ: Նայում էի նրան և մտածում. «Դու առաջվա պես ինձ չես սիրում, դու ինձ դավաճանում ես»: Եվ ուզում էի այդ մտքերն անխոս հայտնել նրան: Նա էլ անսպասելիորեն տագնապած նայեց, գուցե հասկացավ, որ սա խաղ չէ, որ մեր դաշինքը վտանգի մեջ է: Նա սառեց՝ հարցական արտահայտությունը դեմքին:

Եվ այդ հստակատեսությունն, արդյոք, իմ սխալներից ամենավատթարը չէ՞ր:

***

Դուք, որ այդքան գոհ էիք, այդքան աշխույժ, դուք, որ ոչ մի բանի մասին չէիք մտածում, սկսել եք ապրել միայն ուղեղով և դարձել եք տխուր: Դա ձեզ չի սազում:

***

Ուրիշի թերություններին հեշտությամբ ես հաշտվում, երբ դրանք շտկելը քո պարտքը չես համարում:

***

Նա հաստատապես մոլորված նայում էր ինձ: Նաև վախեցած. իր ապագա խենթությունների մեջ նա կորցնում էր մի համախոհի և մի քիչ էլ անցյալ էր կորցնում:

***

Սերն ամենաքաղցր, ամենաճշմարիտ բանն է: Եվ կարևոր չէ, թե ինչ գին ես տալիս:

***

Հարբած վիճակում կարող ես ճշմարտությունն ասել, ոչ ոք քեզ չի հավատա:

***

Ես նրան շատ լավ գիտեի, ուստի չէի կարող հեշտությամբ դատել նրա մասին և հետո՝ մենք իրար չափազանց նման էինք:

Comment here