ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

«Ամեն ինչից, ի վերջո, ձանձրանում ենք». Շոդերլո դը Լակլո

Կադր «Վտանգավոր կապեր» ֆիլմից

Ներկայացնում ենք մտքեր ու հատվածներ ֆրանիսացի զինվորական, գյուտարար և գրող Շոդերլո դը Լակլոյի (18 հոկտեմբերի, 1741 – 5 սեպտեմբերի, 1803) «Վտանգավոր կապեր» ստեղծագործությունից։

***

… Ամեն ինչից, ի վերջո, ձանձրանում ենք, իմ հրեշտակ, բնության օրենքն է, իմ մեղքով չէ: Եվ եթե ձանձրացել եմ՝ չորս կործանարար ամիս իմ ուշքն ու միտքը գրաված արկածից, իմ մեղքով չէ: Եթե, օրինակ, ես ճիշտ այնքան սեր ունեի, որքան դու՝ առաքինություն, իսկ դա իսկապես շատ է, ապա ոչնչով զարմանալի չէ, որ առաջինը վերջացավ ճիշտ այն պահին, երբ վերջացել էր երկրորդը: Իմ մեղքով չէ: Սրանից հետևում է, որ որոշ ժամանակից ի վեր ես քեզ դավաճանում էի, բայց պետք է ասել, ինչ-որ չափով քո անգութ քնքշանքն էր ինձ մղում այդ քայլին: Իմ մեղքով չէր: Իսկ հիմա մի կին, որին խելացնորության աստիճան սիրում եմ, պահանջում է, որ քեզ զոհաբերեմ: Իմ մեղքով չէ: Ես հասկանում եմ, որ սա հրաշալի առիթ է ինձ երդմնազանց հայտարարելու, սակայն եթե բնությունը տղամարդկանց օժտել է զգացմունքի հարատևությամբ, իսկ կանանց՝ համառությամբ, իմ մեղքով չէ: Հավատա ինձ, մի ուրիշ սիրեկան գտիր, ինչպես ես ուրիշ սիրուհի եմ ընտրել: Սա լավ, նույնիսկ հրաշալի խորհուրդ է, իսկ եթե չհավանես, իմ մեղքով չէ: Մնաս բարով, իմ հրեշտակ, ես քեզ հաճույքով նվաճեցի, լքում եմ առանց ափսոսանքի, գուցեև վերադառնամ քեզ մոտ: Այս է օրենքն աշխարհի: Իմ մեղքով չէ:

***

Եթե մարդն իր բնությամբ բարոյական լիներ, բարոյախոսներն անօգտակար կլինեին:

Խանդը դատողությունից զուրկ է:

Հասարակությանն իշխելու համար բավական է միևնույն հնարագիտությամբ օգտագործել գովեստը և ծաղրը:

Մարդիկ միայն արարքներով կարող են դատել մտքերը:

Մարդկային ցեղը ոչ մի բանում կատարյալ չէ` ո՛չ չարի, ո՛չ էլ բարու մեջ: Ստահակը կարող է իր արժանիքներն ունենալ, ինչպես պատվավոր մարդը` իր թուլությունները: Այս ճշմարտության կարևորությանը պետք է հավատալ, քանի որ նրանից է բխում ինչպես չար, այնպես էլ բարի մարդկանց հանդեպ ներողամիտ լինելու անհրաժեշտությունը. և այս ճշմարտությունը մեկին զերծ է պահում գոռոզությունից, մյուսին փրկում է վհատությունից:

***

Տղամարդը բավականություն է ստանում այն երջանկությունից, որն ինքն է զգում, կինը` նրանից, որ տալիս է ինքը: Այս տարբերությունը, որ այնքան կարևոր է ու այնքան հազվադեպ տեսանելի, բավականին շոշափելի ազդում է նրանցից յուրաքանչյուրի պահվածքի վրա: Մեկի համար հաճույքն այն է, որ բավարարի իր ցանկությունները, մյուսի համար` նախ և առաջ այն, որ դրանք հարուցի: Տղամարդու համար դուր գալը հաջողության հասնելու միջոցներից մեկն է, այն դեպքում, երբ կնոջ համար դա հենց հաջողությունն է: Եվ պչրանքը, որի համար այնքան հաճախ մեղադրում են կանանց, այլ բան չէ, քան այդ կարգի զգացմունքների որոշակի չարաշահում, ինչը սակայն հանդիսանում է դրանց անկեղծության ապացույցը:

***

Ավելորդություններ կարելի է թույլ տալ միայն նրանց հետ, ում շուտով պատրաստվում եք լքել։

Չկա ոչ մի կին, որը, հասնելով իշխանության, չէր չարաշահի այն:

Որքան երջանիկ ենք մենք, որ կանայք այդքան թույլ են պաշտպանվում։ Հակառակ դեպքում մենք կլինեինք միայն նրանց ողորմելի ստրուկները:

Եթե մենք հասկանայինք, թե որն է մեր իրական երջանկությունը, երբեք չէինք փնտրի այն աստվածային և մարդկային օրենքներով սահմանված սահմաններից դուրս։

Ես ինչ էլ որ լինի, պետք է տիրեմ այս կնոջը, որպեսզի չհայտնվեմ սիրահարվածի ծիծաղելի վիճակում, քանի որ չբավարարված ցանկությունը ինչի ասես չի հասցնի։

Մի իմաստուն ասել է, որ վախերը ցրելու համար բավական է գիտակցել դրանց պատճառը: