Ներկայացնում ենք մեջբերումներ հայ արձակագիր, սցենարիստ Շահեն Թաթիկյանի (1-ը հոկտեմբերի, 1924 – 19 մարտի,, 1992) ստեղծագործություններից։
***
Զարմանալի էակ է կինը: Ցանկացած պահին, ինչ վիճակումն էլ լինի, դարձյալ մեքենաբար, մեկ էլ տեսար կոկետություն արեց, ասաց ոչ այն, ինչ ուզում է կամ ինչ պետք է ասի:
Ես տեսնում եմ, որ մարդիկ միշտ անում են բաներ, որոնք չի կարելի, բայց ամեն մեկին հենց իր արարքը թվում է միանգամայն կարելի։
Իսկական հարազատները պարտադիր չէ, որ միմյանց հետ բաժանեն ուրախությունը, բայց վիշտը պարտադիր է: Հասկացա, որ օտարի հետ կարելի է ուրախանալ, բայց օտարի հետ միասին վշտանալ չի կարելի:
Ահավոր բարդ բան է կյանքը և միաժամանակ իր պարզ, ընթացիկ խնդիրներն ունի։
Մի անմտածել քայլը երբեմն հնարավոր չի լինում ուղղել-հարթել ամբողջ կյանքի ընթացքում:
Մենք երևի ամենքս էլ արել ենք բաներ, որոնք որ չպետք է արած լինեինք, բայց արել ենք համոզված, որ իրավացի ենք եղել:
Մենակ մարդն է ամենաշատ գնահատում մենակությունը:
Չէ, որոշակիորեն դժվար է, շատ դժվար է զգացածը բառերով արտահայտել այնպես, ինչպես կա:
Բայց բառերն ի՞նչ են: Ի՞նչ են ներկայացնում իրենցից խոսքերը: Մի՞թե նրանք կարող են մասամբ արտահայտել այն, ինչ եփվում է մարդու հոգում:
Հարազատ… Ինչքան էժան ենք երբեմն օգտագործում այս բառը. հարազատ: Էժան օգտագործելով, այս հիանալի բառն արդեն կորցրել է շատ ու շատ թանկ իմաստներ ու սքանչելի գույներ: Այս բառը դարձել է նույնքան սովորական, որքան, օրինակ, «մայթ», «ծառ», «շենք» և այլ հազարավոր բառերը: