ԳլխավորԼուր

Արցախից  Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա. ՅՈւՆԻՍԵՖ

Արցախցի բռնի տեղահանվածները Գորիսում

Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա, հայտնում է ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) իտալական բաժանմունքը։

«ՅՈւՆԻՍԵՖ-ը Գորիսում անվտանգ տարածք է ստեղծել, որտեղ ամեն օր ընդունում են շուրջ 300 երեխայի և նրանց ծնողների։ Կենտրոնում գործում է խաղահրապարակ, կրծքով կերակրող մայրերի համար կա առանձնացված տարածք, և մանուկների աջակցման ծրագրեր են գործում բարդ խնդիրները լուծելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հիմնադրամն առողջապահական մարմիններին տրամադրել է երեխաների համար նախատեսված դեղեր և անհրաժեշտ նյութեր, որպեսզի բաշխվեն այն տարածքների բժշկական հաստատություններին, որտեղ մեծ թվով տեղահանվածներ կան։

Հիշեցնենք՝  վերջին  տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանվել է 100 514 մարդ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Վայք։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։