Կարմիր խաչի միջնորդությամբ երեխաների հերթական խումբն է Արցախ վերադարձել, թվիթերյան իր էջում հայտնել է Արցախից լրագրող Սիրանուշ Սարգսյանը։
««Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան այցելած 14 երեխաները Արցախի արգելափակման 47-րդ օրը վերջապես վերադարձան տուն՝ Արցախ»,–գրել է նա` կից նաև տեսանյութ հրապարակելով։
On the 47th day of the #Artsakhblockade, 14 children visiting Yerevan to watch Junior Eurovision finally returned home-Artsakh with the mediation of the Red Cross. pic.twitter.com/Sqg0JpsRR3
— Siranush Sargsyan (@SiranushSargsy1) January 27, 2023
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Հունվարի 12-ին ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Կապը վերականգնվել էր հունվարի 13-ին։
Հունվարի 21-ին էլ ադրբեջանցիները կրկին անջատել են Արցախի գազամատակարարումը։ Այն մասնակի վերականգնվել էր հունվարի 25-ին։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, իսկ շուրջ 120 հազար արցախցիներ (այդ թվում՝ 30 հազար երեխա)՝ շրջափակման մեջ։