ԳլխավորԼուր

ՀՀ քաղաքացի 45 աշակերտ և ուսանող Վրաստանի տարածքով վերադարձել է Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Իսրայելից Թբիլիսի ժամանած ՀՀ քաղաքացի 35 աշակերտ և 10 ուսանող վերադարձել է Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։

«Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը։ Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, բարեհաջող տեղափոխել Հայաստան»,- նշված է տարածված հայտարարության մեջ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։ Դեսպանության և վրացական կողմի միջև կար նախնական պայմանավորվածություն, որ, Վրաստանում մտցված արտակարգ դրությունից և համընդհանուր կարանտինից ելնելով, արտերկրից Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացիների և դեսպանության ներկայացուցիչների միջև որևէ շփում պետք է բացառվի։

 

Comment here