Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։
Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։
Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ գազամատակարարումը հերթական անգամ ընդհատվել էր հունվարի 18–ին, մասամբ վերականգնվել՝ հունվարի 20-ին։
Մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները։ Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Հունվարի 12-ին էլ ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Կապը վերականգնվել էր հունվարի 13-ին։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։