Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելուց հետո, Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ըստ տեղեկությունների, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի նռնականետեր և ականանետեր են կիրառվել:
Արցախի համապատասխան ստորաբաժանումների գործողությունների արդյունքում նկատելի են նաև ադրբեջանցի դիվերսանտների մարմիններ:
Վերոնշյալ գործողությունների վայրի նկատմամբ վերահսկողությունը խիստ կարևոր է և չի բացառվում, որ Ադրբեջանը փորձել է անհրաժեշտ բարենպաստ դիրքեր դուրս գալու նպատակով դիրքային առաջխաղացում ապահովել, իսկ նրանց ճանապարհին այդ պահին հայտնվել են արցախցի ոստիկանները ու առաջին մարտն իրենց վրա վերցրել»,-գրել է Աբրահամյանը:
Հիշեցնենք` այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Զոհվել է 3, վիրավորվել՝ 1 ոստիկան։