Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն իր հարձակվողական գործողությունների հետևանքով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, մխրճված որոշ ջոկատներ, խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների անմիջական հսկողության, նաև շրջափակումների մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետաքրքրվեց՝ իրենք հիմա այնտեղ են, որ ուղղությամբ ադրբեջանական ուժերը ներխուժել ե՞ն ՀՀ տարածք: ԳՇ պետը դրական պատասխան տվեց:
«Դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդն իր հարձակվողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7.5 կմ խորությամբ: Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»,-ասաց ԳՇ պետը:
Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա:
Ասրյանը հավելեց, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ հակառակորդը մխրճվել է 1-1.5 կմ խորությամբ, Իշխանասարի ուղղությամբ 0.5 կմ խորությամբ են մխրճվել: Մյուս հատվածներում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել։
Ասրյանը հայտարարեց նաեւ, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողի, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին:
ԳՇ պետը զգուշացրեց, սակայն, որ այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ նույնիսկ կարող է չկարողանան դիտել:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել։