ԳլխավորԼուր

19 արցախցի երեխաներ վերադարձել են տուն

16 արցախցի երեխաներ վերադարձել են տուն

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկ ամսից ավելի իրենց ընտանիքներից հեռու` Հայաստանում մնացած 16 արցախցի երեխաներ երեկ վերադարձել են Ստեփանակերտ։ Հաղորդավար Էրիկ Անթառանյանը «Ֆեյսբուքի» իր էջում երեխաների դիմավորման տեսանյութ է հրապարակել։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հայտնել է, որ Ստեփանակերտ են վերադարձել 19 երեխաներ։

«Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել են տուն։ Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»,- գրել է Ստեփանյանը։

Ստեփանյանը հայտնել է նաև, որ Շուշի-Քարին տակ հատվածում մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։

Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, այն շարունակել է ընթացքը։

Նշենք, որ երեխաները Երևան էին եկել «Մանկական Եվրատեսիլ — 2022»–ին մասնակցելու համար և ադրբեջանցների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով չէին կարողանում տուն վերադառնալ։

Հավելենք, որ Հայաստանում մնացած արցախցիների թիվը հազարից ավելի է, այդ թվում՝ ավելի քան 250 երեխա։ Նրանց մեծ մասը ստիպված դասի է գնում Գորիսի ու Երևանի դպրոցներում։