ԳլխավորԼուր

Խաթարված դասապրոցեսն Արցախում վերականգնվում է

Դպրոցականներ՝ Արցախի Շոշ գյուղում

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 20-ից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Այն կասեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։

Տեղեկությունը հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

2023-ի հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է  Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները։ Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։