ԳլխավորԼուր

«Գիտություն և մոտիվացիա». Ստեփանակերտում տեղի է ունեցել «Artsakh STEM Expo 2023»-ը

«Artsakh STEM Expo 2023»

Օգոստոսի 6-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Գիտություն և մոտիվացիա» խորագրով «Artsakh STEM Expo 2023» կրթական-տեխնոլոգիական միջոցառումը, հայտնում է «Արցախպրես»-ը։

Միջոցառման նպատակը բնագիտական, տեխնոլոգիական, «Ճարտարագիտություն» և «Մաթեմատիկա» առարկաների նկատմամբ դպրոցականների և ուսանողների հետաքրքրությունը մեծացնելն է, ինչպես նաև ինժեներական, տեխնոլոգիական և IT ոլորտներին նրանց ծանոթացնելն ու կրթություն-աշխատաշուկա կապի ընդլայնումը։

Բացման արարողությանն Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ողջունելով մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար կարևորել է գիտության ու տեխնիկայի սրընթաց առաջընթացից հետ չմնալը:

«Artsakh STEM Expo 2023»
«Artsakh STEM Expo 2023»

«Պիտի ցանկացած միտք, գաղափար ներդնենք Արցախը հզորացնելու համար: Այս հարթակը բարենպաստ է, որպեսզի կարողանանք գեներացնել մեր գաղափարները մտահղացումները և փոքր- ինչ առաջ մղենք գիտության զարգացումն Արցախ աշխարհում»,-ասել է նախարարը՝ արգասաբեր աշխատանք մաղթելով միջոցառման մասնակիցներին:

Հեռավար ողջունելով ներկաներին, «Artsakh STEM Expo 2023»-ի կազմակերպչական աշխատանքների համակարգող Արտավազդ Բոյաջյանը շնորհակալություն հայտնեց իր թիմին, որի շնորհիվ հնարավոր է դարձել հաղթահարել շրջափակման շատ դժվարություններ ու կյանքի կոչել գաղափար, որի նպատակն ուսման, զարգացման և առաջընթացի համար միջավայր ու հնարավորություններ ստեղծելն է:

Միջոցառման աջակից, ամերիկաբնակ Քրիստինե Զաքարյանի խոսքով՝ առանց գիտության ու տեխնոլոգիական առաջընթացի ուժեղ պետություններ չեն լինում:

«Աշխարհը զարգանում է շատ արագ, իսկ այդ ամենից հետ մնալը նշանակում է պարտվել»,-շեշտել է նա՝ անհրաժեշտություն համարելով աշխարհի գիտատեխնոլոգիական տեղաշարժերին, նորություններին հետևելն ու դրանք ի շահ Արցախի կիրառելը:

«Artsakh STEM Expo 2023»
«Artsakh STEM Expo 2023»

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել գիտական, ինժեներական և աշակերտական-ուսանողական խմբերի հետազոտական արտադրանքի և աշխատանքների ցուցահանդես: Պանելային քննարկումների ընթացքում էլ գիտական, ինժեներական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ներկայացուցիչներն անդրադարձլ են իրենց փորձին, աշխատանքի առանձնահատկություններին, ոլորտում առկա հնարավորությունները, նոր տենդենցներին ու մասնագիտություններին:

Կազմակերպվելու է նաև Արցախում գործող գիտական, տեխնոլոգիական, ինժեներական գաղափարների մրցույթ՝ նպատակ ունենալով խթանել ՀՀ-ում և սփյուռքում գործող տեխնոլոգիական ընկերությունների հետ կապերը և մենթորության հնարավորություն ստեղծել։

Միջոցառմանը մասնակցել են հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ուսանողներ, հետաքրքրված անհատներ: