Արցախի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում քառալեզու կոչ է հրապարակվել Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ։
«Ես հայ եմ։ Ապրում եմ Արցախի Հանրապետությունում: Արցախն իմ տունն է։
Ես հայ եմ, ում տունը կրկին վտանգի մեջ է։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանը սկսեց ռմբակոծել հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը։
Ինչպես 2020 թ. պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր, Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքները՝ շարունակելով մնալ անպատիժ։ Նրանք խոսում են բացառապես ուժի կիրառման լեզվով, խոշտանգում են մեր զինվորների մարմինները, տանջում գերիներին ու ռմբակոծում խաղաղ բնակավայրերը։
Նրանց նպատակը մեկն է՝ ոչնչացնել հայերին ու Հայաստանը։
Մենք պատրաստել ենք այս հոլովակը՝ աշխարհին ասելու, որ վտանգված է մեր ներկան, ապագան և ընդհանրապես կյանքի իրավունքը։ Լռել չենք կարող, քանի որ կորցնում ենք մեր զինվորներին, հարազատներին ու հայրենիքը։
Այստեղ՝ թիկունքում, մենք մեր եղբայրների հետ ենք, ովքեր այսօր ամուր կանգնած են սահմանին բազմահազարանոց թուրք-ադրբեջանական բանակի դեմ՝ սեփական կյանքերի գնով։
Մեր դիրքորոշումը մեկն է՝
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,
Արցախի ժողովուրդը ունի ինքնորոշվելու իրավունք։
Մենք կոչ ենք անում աշխարհին կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան, դատապարտել նրա հանցավոր ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ և, վերջապես, պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատություններն Արցախում և Հայաստանում, որոնք դարեր շարունակ ոտնահարվում են թշնամու կողմից։
Հայը խաղաղասեր է, մենք չենք ուզում պատերազմ։ Մենք ուղղակի ապրել ենք ուզում մեր իսկ հողում»,-նշված է հայտարարության մեջ։