Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցն է

Ստեփանակերտ, հրթիռակոծություն

2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան (կիրակի) Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

44 օր տևած պատերազմական գործողությունները դադարեցին 2020թ.–ի նոյեմբերի 9-ին. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ադրբեջանի ժամանակավոր վերահսկողության տակ անցան Արցախի 192 բնակավայր՝ 185 գյուղ, 7 քաղաք (այդ թվում Հադրութն ու Շուշին), 108 հանրակրթական դպրոց, իսկ Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը լուծարվեց, որտեղ սովորում էին ավելի քան 100 աշակերտներ։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է։ 2022 թվականի մարտի 21–ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։