ԱրցախԽճանկար

Ծնողական ժողով` արկերով ընդհատված. մի արցախցի ուսուցչի օրագրից

Արցախից բռնի տեղահանված ուսուցչուհի Լիանա Սարգսյանը

Ընկեր Սարգսյանը ծնողական ժողով էր անցկացնում, երբ Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Ստեփանակերտը: Ծնողները հապշտապ վազեցին տուն` երեխաների մոտ, իսկ ինքը մյուսների հետ վազեց նկուղ։ Դասասենյակից նկուղ ճանապարհը դժոխային էր. երեխաների ճիչ, խուճապ և անորոշություն…

Usanogh.am-ի զրուցակիցը Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի տարրական դասարանների դասվար Լիանա Սարգսյանն է, որը 30 տարի իր հարազատ դպրոցում աշխատելուց հետո հիմա Երևանում է, աշխատանք դեռ չի գտել:

-Տիկի´ն Սարգսյան, գիտեմ, որ անընդհատ հիշում եք սեպտեմբերի 19-ը ու շատ եք կարոտում Ձեր դասարանը…

-Երրորդ դասարանս թողել-եկել եմ։ Թողեցինք ամեն ինչ… Սեպտեմբերի 19-ին ծնողական ժողով էի սկսել, հենց օրակարգը կարդացի, առաջին հարվածը լսեցինք, ծնողներն իսկույն թողեցին-փախան տուն, երեխաների մոտ: Մինչ այդ առավոտյան ծնողները գալիս՝ երեխաներին դպրոցից տանում էին տուն, մենք էլ ասում էինք` ինչ խուճապ է: Հետո պարզվեց, որ ով զինվորական ամուսին ուներ, գիտեր մոտալուտ վտանգի մասին. ամուսինները զանգել-ասել էին. «Շտապ գնացե´ք,  երեխաներին դպրոցից վերցրե´ք»: 13:15 էր, հենց օրակարգը կարդացի, առաջին զարկը եղավ: Անմիջապես իջանք նկուղներ, երեխաները գոռում էին…Մինչև ժամը 17:30 նկուղում էի, հետո մի կերպ հասա տուն: Հեռախոսակապ չկար։ Կես ժամվա ճանապարհը 10 րոպեում անցա: Մեր տունը սեփական է, նկուղ չունենք, ողջ գիշեր տան միջանցքում փորձել ենք պատսպարվել: Սարսափի միջով ենք անցել, մինչև հասել ենք այստեղ:

-Գիտեմ նաև, որ Ձեր դպրոցի աշակերտներից Ստեփանակերտի չարաբաստիկ պայթյունի հետևանքով տուժածներ են եղել…

-Նրանք մեր դպրոցի շրջանավարտներն են եղել։ Բայց ամենաահավոր վիճակը գյուղերում է եղել. երեխաների հետևից ադրբեջանցիները կրակել են։ Էլի շատ զարհուրելի բաներ են եղել, որոնց մասին նախընտրում եմ լռել։

Արցախից բռնի տեղահանված ուսուցչուհի Լիանա Սարգսյանը
Արցախից բռնի տեղահանված ուսուցչուհի Լիանա Սարգսյանը

-Ձեր թանկագին գրքերը, որոնք այդքան փայփայում էիք, մնացին Ստեփանակերտում։

-Ոչինչ չհասցրեցինք բերել, իսկապես շատ լավ գրադարան ունեի։ Որդուս նոր ենք ամուսնացրել, հարսիս օժիտը, տղայիս մեքենան, ամեն բան մնաց այնտեղ։ Մենք լիուլի տուն ենք ունեցել, եկել ենք այստեղ ու հայտնվել ծանր կացության մեջ: Հիմա վարձակալությամբ բնակվում ենք Նոր Նորքում: Փառք աստծո, տան վարձը համեմատաբար էժան է, տանտերը մեր հանդեպ բարեխիղճ գտնվեց:

-Արդեն դիմե՞լ եք ԿԳՄՍ նախարարություն, կամ թաղապետարան, գուցե նաև` մոտակա դպրոց` ուսուցչի աշխատանք գտնելու համար: Հայաստանում ուսուցչի թափուր տեղեր շատ կան։

-Այո, իհարկե, նախ` թիվ 133 դպրոց եմ դիմել, կցանկանայի մոտ լիներ իմ բնակության վայրին: Ասացին` հոկտեմբերին ուսուցչի տեղ է բացվելու, հնարավոր է` ինձ կանչեն, սպասողական վիճակում եմ: Որ չաշխատենք` ի՞նչ ենք անելու։ Հետևում եմ նաև ԿԳՄՍ նախարարության հայտարարություններին, ցուցումներին, կայքէջում դիմում եմ լրացրել։

-Ձեր դպրոցի մյուս ուսուցիչները կարողացե՞լ են աշխատանք գտնել:

-Ընդամենը երկուսին է հաջողվել աշխատանք գտնել, տեղավորվել դպրոցներում: Ի դեպ, եղբայրս պատմության ուսուցիչ է, կինը`տարրական դասարանի դասվար: Բյուրեղավանում դիմել են դպրոց, ասել են` տեղ չկա: Ինչ պետք է անեն` չգիտեն: Լավ կլիներ, որ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչներին դպրոցներում տեղավորելու գործընթացն ավելի հարթ և արագ կազմակերպվեր:

-Բայց Դուք նաև ադապտացման խնդիր ունեք։ Ծանո՞թ եք այստեղի կրթական ծրագրերին, նոր չափորոշչին։

-Իհարկե, մեր ծրագրերն ուրիշ են, օրինակ` ես ծանոթ չէի 1-4-րդ դասարաններին չգնահատելու ծրագրին: Լավ կլիներ, որ որոշակի վերապատրաստումներ անցնեինք: Ես 55 տարեկան եմ, ինձ համար նույնքան հեշտ չէ նոր բաներ յուրացնելը, որքան երիտասարդների համար, բայց ես միշտ էլ բաց եմ նորի առաջ: Մեծ հույսեր ունեմ, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշակի արտոնություններ կտա արցախցի ուսուցիչներին, ավելի հեշտ կդարձնի նրանց մուտքը դպրոցներ: Հիմա այնպիսի իրավիճակ է, երբ Հայաստանն ունի ուսուցիչների կարիք, իսկ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչներին օդ ու ջրի նման աշխատանք է պետք: Այնպես որ, ձեռքներս ծալած չենք նստում, բայց նաև սպասում ենք հարմար առաջարկների:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ