Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը, հայտնում են «ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ից:
Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց:
Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը:
Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Սննդամթերքների որոշ տեսակներ վաճառվում են կտրոնով։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ պարզապես չկան, հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում։