ԳլխավորԼուր

Ուսանողն ու ուսուցիչը չեն կարող հավասար գումար ստանալ. դա արդար չէ.  փորձագետ

Ամառային աշխատարան ԵՊՀ-ում

Արդեն հայտնի է, որ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով մանկավարժության ծրագրերով ուսանողների կրթաթոշակը կդառնա 70 հազար դրամ, գերազանցիկներինը՝ 77 հազար դրամ:

Usanogh.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը տեսակետ է հայտնում`սա վատ և թերի մշակված ծրագիր է. չեն կարող ուսանողն ու տվյալ առարկայի ուսուցիչը նույն գումարը ստանալ. «Արդար չէ, որ, օրինակ` քիմիայի ուսուցիչը մեկ դրույքով աշխատելու դեպքում շուրջ 80 հազար դրամ է ստանում, իսկ Մանկավարժականի այդ բաժնի ուսանողը` 70-77 հազար դրամ: Կրթաթոշակն ու աշխատավարձը չեն կարող հավասար լինել: Պետք էր սկսել նախ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումից, հետո անցնել թոշակներին»:

Փորձագետի խոսքով` այս որոշումը չի կարող մոտիվացնել, որպեսզի դիմորդը  ԲՏՃՄ ուղղություններով գնա, քանի որ նրա մոտիվացիան նախ և առաջ իրեն այդ ոլորտում սպասվելիք աշխատավարձն է. «Մանկավարժական ուսանող բերելու լավագույն մոտիվիացիան հենց ուսուցիչների բարձր աշխատավարձը կարող է լինել: Դիմորդը միամիտ չէ, նա գիտի` իրեն ինչ է սպասվում: Իրավաբանականի ուսանողը նման բարձր կրթաթոշակ չի ստանում, բայց այդ ֆակուլտետը երբեք դիմորդի պակաս չունի, քանի որ մասնագիտությունը բարձր է վարձատրվում»:

Հայտնի է  նաև, որ  սեպտեմբերից ԲՏՃՄ առարկաների (բացառությամբ մաթեմատիկական առարկաների դասավանդողների) բոլոր ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան: Սերոբ Խաչատրյանի խոսքով` այս որոշումից հետո դպրոցների ուսուցչական համայնքներում պառակտում է առաջացել.

«Նախ` մաթեմատիկայի ուսուցիչներից շատերը սրտնեղած են, որ իրենց վրա որոշումը չի տարածվել: Իսկ որոշումը կայացվել է այն տրամաբանությամբ, որ դպրոցներում մաթեմատիկայի դասաժամերը, ի տարբերություն ԲՏՃՄ ուղղվածության մյուս առարկաների, շատ են, և ուսուցիչները ավելի հեշտությամբ են ապահովում մեկ դրույքը: Հիմա մաթեմատիկայի որոշ ուսուցիչներ մատնանշում են, որ, օրինակ, «Ինֆորմատիկայի» դասաժամերն էլ են շատ, բայց որոշումն այդ առարկաի ուսուցիչների վրա, արի ու տես, որ տարածվել է: Դպրոցներում, այսպես ասած, կռիվ է ընկել»,-եզրափակեց փորձագետը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ