ԳլխավորԼուր

Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքները

Վահրամ Դումանյան

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլի արդյունքները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ ըստ կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի՝ գործընթացին կարող էին մասնակցել շուրջ 29 441 ուսուցիչներ (5-ից 12-րդ դասարանների բոլոր առարկայական ուսուցիչները): Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կամավոր ատեստավորման հայտ էր ներկայացրել 3886 ուսուցիչ (շահառուների շուրջ 13 տոկոսը), որոնցից ատեստավորմանը մասնակցել է 2300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: Նախորդ տարի հնարավոր շահառուների ընդհանուր թիվը 15 417 էր, որոնցից գրանցվել էր շուրջ 9 տոկոսը:

2022 թվականի արդյունքներով կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել է մասնակիցների 2/3-րդը՝ 66 տոկոսը, սակայն ֆինանսական ավելացումներ ստանալու են 1059 ուսուցիչներ՝

30 %-ի չափով հավելավճար՝ 525 ուսուցիչ (մասնակիցների 23 %-ը),
40 %-ի չափով հավելավճար՝ 397 ուսուցիչ (մասնակիցների 17 %-ը),
50 %-ի չափով հավելավճար՝ 137 ուսուցիչ (մասնակիցների 6 %-ը):

Ինչպես հայտնի է՝ ֆինանսական հատկացումներ ստանում են ատեստավորման 70 և ավելի տոկոսը հաղթահարած ուսուցիչները: Նշենք նաև, որ ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափն ավելի վաղ սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ, որին գումարվում է հավելավճարը:

Նախարար Վահրամ Դումանյանը նաև հայտնել է, որ 2023 թվականից սկսած ատեստավորման գործընթացն անցկացվելու է նաև 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների և դասվարների համար։