ԳլխավորԼուր

Անցակցվել են ««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի օրեր ԵՊՀ-ում

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի օրեր ԵՊՀ-ում

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համագործակցության շրջանակում համալսարանում անցկացվեց ««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի օրեր ԵՊՀ-ում» միջոցառումը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու հիմնադրամի ընձեռած հնարավորություններին և «Ուսուցիչների առաջնորդության» երկամյա ծրագրին, տեղեկացնում են ԵՊՀ-ից։

Միջոցառման նպատակը տարբեր կուրսերում սովորող ուսանողների շրջանում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն էր, ինչպես նաև ուսանողների հետաքրքրություններն ու մասնագիտական կողմնորոշումը բացահայտելը։

Միջոցառման երեք օրերին կրթական հիմնադրամի ներկայացուցիչները ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում կազմակերպեցին կրթական քուիզներ և թեմատիկ խաղեր, որոնք ուղեկցվեցին մրցանակներով ու անակնկալներով։ Հիմնադրամի առաջարկած կրթական ծրագրով հետաքրքրված ուսանողներին ներկայացվեցին նաև բնագիտամաթեմատիկական, ՏՏ և տնտեսագիտական ոլորտի ավարտական կուրսերի ուսանողների համար հայտարարված առաջնորդության կրթաթոշակին դիմելու ընթացակարգն ու այլ տեղեկություններ։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի օրեր ԵՊՀ-ում
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի օրեր ԵՊՀ-ում

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի օրեր ԵՊՀ-ում» միջոցառման շրջանակում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության ու շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացվեց «Երեք ընկեր, մեկ նպատակ» պանելային քննարկում, որին մասնակցեցին ուսանողներն ու ուսուցիչ-առաջնորդները։ Առաջնորդության ծրագիրը հաջողությամբ ավարտած ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներ, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի 7-րդ սերնդի ուսուցիչ-առաջնորդներ Աննա Միքայելյանը, Աշոտ Գաբրիելյանը և Լուսինե Առաքելյանը պանելային քննարկման ժամանակ անդրադարձան հիմնադրամում առկա մասնագիտական և անձնային աճ գրանցելու հնարավորություններին՝ առանձնացնելով նաև այն մարտահրավերները, որոնց բախվել են իրենց գործունեության ժամանակ ՀՀ և Արցախի տարբեր համայնքներում։

Քննարկման ժամանակ կրթական հիմնադրամի ծրագրերով հետաքրքրված ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ուսուցիչ-առաջնորդներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։

Համալսարանի հետ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործակցությունն սկսվել է 2017 թվականից։

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը նշեց, որ հիմնադրամի հետ համագործակցության շրջանակն ընդլայնվել է վերջին երկու տարում․ «Քանի որ «Ուսուցիչների առաջնորդության» ծրագիրը միտված է երիտասարդների կրթական գործունեությունը մարզերում խթանելուն, որոշեցինք հիմնադրամի հետ մեր գործակցությունն ակտիվացնել»։

Համագործակցության արդյունքում 2022-2023 ուստարում ԵՊՀ 100 ուսանողներ դիմել են ծրագրին, ընտրության փուլն անցել են 34-ը, իսկ 10 ուսանող կնքել է պայմանագիր և գործուղվել ՀՀ համայնքներ՝ դասավանդելու։ 2022–2023 ուստարվանից Երևանի պետական համալսարանում գործում է նաև «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը՝ հեռակա ուսուցմամբ։

Ընդգծելով համալսարանի հետ գործակցության կարևորությունը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Արևիկ Պռազյանը տեղեկացրեց, որ մագիստրոսական ծրագրին դիմելու և հեռավար սկզբունքով մանկավարժի որակավորում ստանալու հնարավորություն կունենան «Ուսուցիչների առաջնորդության» ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները։ Կրթական այս մեթոդը մշակվել է, որպեսզի թիմում ընդգրկված ուսուցիչներն իրենց համայնքներում դասավանդելուն զուգահեռ կարողանան ստանալ մանկավարժի որակավորում և մասնագիտացում՝ կրթության կառավարման ոլորտում։

Ներկայացնելով ավարտական կուրսերի ուսանողների համար նախատեսված «Ուսուցիչների առաջնորդության» ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ հիմնադրամի ներկայացուցիչը մանրամասնեց, որ ծրագրի շրջանակում ուսուցիչները ձեռք են բերում դպրոցում դասավանդման երկու տարվա աշխատանքային, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փորձ, մենթորական և ֆինանսական աջակցություն ու մանկավարժի որակավորում։

Հավելենք, որ «Ուսուցիչների առաջնորդության» ծրագրի հայտադիմումների ընդունման փուլն արդեն սկսվել է։