ԳլխավորՄի կտոր գիրք

 Ֆյոդոր Դոստոևսկի. «Կարամազով եղբայրներ» (հատվածներ)

Հատվածներ «Կարամազով եղբայրներ» ֆիլմից

Ներկայացնում ենք հատվածներ ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու (1821-1881) «Կարամազով եղբայրներ» վեպից։

***

Նա երկու անգամ էր ամուսնացել և երեք որդի ուներ․ ավագը՝ Դմիտրի Ֆյոդորովիչն, առաջին կնոջից էր, իսկ մյուս երկուսը՝ Իվանն ու Ալեքսեյը, երկրորդ կնոջից։ Ֆյոդոր Պավլովիչի առաջին կինը Միուսովների՝ նույնպես մեր գավառացի կալվածատերերի բավական հարուստ և ազնվատոհմ գերդաստանից էր։ Թե ինչպես պատահեց, որ օժիտով աղջիկը, այն էլ մի գեղեցկուհի և, ավելին, մեկն այն ժիր ու խելացի կանանցից, որոնք այնքան հաճախադեպ են մեր ներկա սերնդի մեջ, բայց որոնք արդեն երևացել էին նախորդում, կարողացավ ամուսնանալ այդպիսի չնչին մի «թուլամորթի» հետ, ինչպես բոլորն այն ժամանակ կոչում էին Ֆյոդոր Պավլովիչին, հիմա չեմ սկսի մանրամասն բացատրել։

Ա՛յ օրինակ, ես ճանաչում էի անցյալ «ռոմանտիկ» սերնդին պատկանող մի օրիորդի, որ ոմն պարոնի հանդեպ մի քանի տարի առեղծվածային սեր տածելուց հետո, ըստ որում միշտ էլ կարող էր շատ հանգիստ ամուսնանալ նրա հետ, ի վերջո սկսեց անհաղթահարելի արգելքներ հնարել իր սիրո առջև ու մի փոթորկոտ գիշեր, ժայռի նմանվող բարձր ափից, նետվեց բավական խորունկ և արագահոս գետի մեջ ու խորտակվեց, ուղղակի զոհ գնալով իր սեփական քմահաճույքին՝ պարզապես Շեքսպիրի Օֆելյային նմանվելու համար․ և նույնիսկ ավելին, եթե իր այդ վաղուց ընտրած ու սիրած ժայռն այնքան նկարագեղ չլիներ, այլ դրա փոխարեն լիներ պարզապես մի հասարակ հարթ գետափ, ապա ինքնասպանությունն էլ հավանաբար տեղի չէր ունենա բնավ։ Սա ստույգ իրողություն է, և պետք է ենթադրել, որ մեր ռուս իրականության մեջ, վերջին երկու կամ երեք սերունդների կյանքում, քիչ չեն եղել սրա նման կամ նույնատիպ ուրիշ դեպքեր։

Այսպես էլ Ադելաիդա Իվանովնա Միուսովայի արարքը, անտարակույս, ուրիշներից լսած գաղափարների արձագանքն էր և նույնպես հետևանք՝ գերյալ մտքի բորբոքման։ Գուցե նա ուզել է կանացի անկախություն ցուցաբերել, հակադրվել հանրային պայմանականություններին, հակադրվել իր ազգականների և ընտանիքի բռնությանը, իսկ հաճոյակատար երևակայությունը, ենթադրենք, լոկ մի վայրկյան համոզել է նրան, որ Ֆյոդոր Պավլովիչը, չնայած ձրիակեր մարդու իր վիճակին, այնուամենայնիվ բարեփոխման այդ ժամանակաշրջանի ամենահամարձակ ու հեգնասեր մարդկանցից մեկն է, այնինչ նա պարզապես չար բնավորության տեր մի խեղկատակ էր, ուրիշ ոչինչ։ Զգայացունց էր նաև այն, որ ամուսնությունը տեղի ունեցավ առևանգումով, և դա շատ գայթակղիչ էր Ադելաիդա Իվանովնայի համար։

Իսկ Ֆյոդոր Պավլովիչն այն ժամանակ, իր սոցիալական դրության իսկ բերումով, հույժ տրամադիր էր որևէ այդպիսի արտակարգ բան անելու, որովհետև բուռն ցանկություն ուներ որևէ կերպ դասավորելու իր կյանքի ընթացքը․ մի լավ գերդաստանի մեջ խցկվելու և օժիտի տիրանալու հեռանկարը շատ հրապուրիչ էր անշուշտ։ Որքան գիտեմ, նրանց միջև փոխադարձ սեր բոլորովին չկար՝ ոչ հարսի, ոչ էլ նրա կողմից, չնայած նույնիսկ Ադելաիդա Իվանովնայի գեղեցկությանը։ Այնպես որ այս դեպքն իր տեսակի մեջ միակն էր գուցե Ֆյոդոր Պավլովիչի կյանքում, մի մարդու, որ միշտ էլ չափազանց հեշտասեր էր և պատրաստ էր վայրկենապես կպչելու որևէ մի փեշի՝ հենց որ դույզն քաջալերություն ստանար։ Եվ միայն այս կինն էր, որ նրա մեջ ոչ մի հատուկ կիրք չհարուցեց։

Առևանգումից անմիջապես հետո Ադելաիդա Իվանովնան մի ակնթարթում գլխի ընկավ, որ իր ամուսնու հանդեպ միայն արհամարհանք է զգում, ուրիշ ոչինչ։ Այսպիսով, մեկ օրից մյուսը ամուսնությունն իր իսկական գույնը դուրս տվեց։ Թեև աղջկա ընտանիքը բավական շուտ հաշտվեց կատարվածի հետ և փախստականին հատկացրեց իր օժիտը, բայց ամուսիններն սկսեցին չափազանց անկանոն կյանք վարել և անընդհատ տեսարաններ սարքել։ Պատմում էին, որ երիտասարդ կինն այդ պայմաններում անհամեմատ ավելի ազնվություն ու վեհություն էր ցուցաբերում, քան Ֆյոդոր Պավլովիչը, որ, ինչպես հայտնի է դարձել հիմա, տեղն ու տեղը կնոջից թռցրել է նրա բոլոր փողերը՝ օժիտն ստանալուց անմիջապես հետո, այսինքն մոտ քսանհինգ հազար ռուբլի, այնպես որ այդ հազարներն այլևս անհետ կորել են Ադելաիդա Իվանովնայի համար։ Ֆյոդոր Պավլովիչը, կաշվից դուրս գալով, երկար ժամանակ աշխատեց ինչ-որ համապատասխան վավերագիր կնքել ու իր անվանը փոխանցել նաև այն փոքրիկ գյուղն ու քաղաքային բավական լավ տունը, որոնք, նույնպես կնոջ օժիտի մասն էին կազմում։ Հավանաբար հասներ իր նպատակին՝ պարզապես, այսպես ասած, այն արհամարհանքի ու զզվանքի շնորհիվ, որ ամեն րոպե հարուցում էր կնոջ մեջ իր անամոթ շորթումներով ու մուրացկանությամբ, նաև շնորհիվ այն բանի, որ կինը հոգեպես հոգնել էր և ուզում էր միայն գլուխն ազատել նրանից։ Սակայն, բարեբախտաբար, միջամտեց Ադելաիդա Իվանովնայի ընտանիքը և չափավորեց գռփողի ախորժակը։

Ստույգ է, որ ամուսինները հաճախ կռվում էին իրար հետ, բայց, ըստ ավանդաբար հասած զրույցների, ծեծում էր ոչ թե Ֆյոդոր Պավլովիչը, այլ Ադելաիդա Իվանովնան՝ տաքարյուն, համարձակ, թխադեմ, անհամբեր մի կին, որ ֆիզիկական զարմանալի ուժի տեր էր։ Ի վերջո նա թողեց տունը և ամուսնուց փախավ՝ չքավորության մեջ կորած մի սեմինարիստ դասատուի հետ, երեք տարեկան Միտյային թողնելով Ֆյոդոր Պավլովիչի վզին։ Ֆյոդոր Պավլովիչն անմիջապես մի ամբողջ հարեմ սարքեց տանը և անձնատուր եղավ ամենասանձարձակ հարբեցողության, իսկ ընդմիջումներին շրջում էր համարյա ամբողջ նահանգում և լացակումած գանգատվում էր սրան-նրան ու բոլորին, թե Ադելաիդա Իվանովնան լքել է իրեն, ըստ որում իր ամուսնական կյանքի մասին հայտնում էր այնպիսի մանրամասնություններ, որոնք պատմելը շատ ամոթալի բան կլիներ որևէ ամուսնու համար։

Եվ կարևորն այն է, որ վիրավորված ամուսնու իր ծիծաղելի դերը բոլորի առաջ խաղալը և մինչև անգամ իր դժբախտության մանրամասնությունները գունազարդված նկարագրելը կարծես հաճույք էր պատճառում նրան և նույնիսկ շոյում էր ինքնասիրությունը։ «Կարելի է կարծել, թե դուք, Ֆյոդոր Պավլովիչ, պաշտոնի բարձրացում եք ստացել, այնքան գոհ եք երևում, չնայած ձեր մեծ վշտին»,— ասում էին նրան ծաղրասեր մարդիկ։ Շատերը նույնիսկ ավելացնում էին, թե նա ուրախությամբ է խաղում խեղկատակի այս նոր դերը, և թե դիտմամբ, ավելի մեծ ծիծաղ պատճառելու համար ձևացնում է, որ իբր թե չի նկատում իր զավեշտական վիճակը։ Բայց, ով գիտե, գուցե և այդ բոլորն անում էր միամտաբար։ Վերջապես նա կարողացավ ի հայտ բերել իր փախստական կնոջ հետքը։ Պարզվեց, որ խեղճ կինը գտնվում է Պետերբուրգում, ուր գնացել էր իր սեմինարիստի հետ և անվերապահորեն սկսել էր լիովին ազատագրված կյանք ապրել։ Ֆյոդոր Պավլովիչն անմիջապես դեսուդեն ընկավ և սկսեց պատրաստվել Պետերբուրգ գնալու․ ի՞նչ նպատակով՝ ինքն էլ անշուշտ չգիտեր։ Գուցե իրոք գնար այն ժամանակ․ բայց այդպիսի որոշում ընդունելուց հետո իսկույն գտավ, որ ճանապարհ ընկնելուց առաջ, ուժ ստանալու համար, հատկապես իրավունք ունի նորից սանձարձակ հարբեցողության գիրկը նետվելու։ Եվ ահա հենց այդ ժամանակ կնոջ հարազատները լուր ստացան, որ Ադելաիդա Իվանովնան մահացել է Պետերբուրգում։ Մի տեսակ անսպասելի էր մահացել նա, ինչ-որ ձեղնահարկում, ոմանց պատմելով՝ տիֆից, իսկ ըստ ուրիշների՝ իբրև թե քաղցից։

Ֆյոդոր Պավլովիչը հարբած էր, երբ իմացավ իր կնոջ մահը․ ասում են, վազեց փողոցով մեկ և սկսեց ուրախությունից ձեռքերը երկինք բարձրացնել ու գոռալ՝ «Արդ արձակեա՛ զծառայս քո, տէ՜ր», բայց ոմանք էլ ասում են, թե նա հոնգուր հոնգուր լաց եղավ երեխայի պես, և այնքան, որ մարդիկ նույնիսկ խղճալով էին նայում նրան, հակառակ նրա հանդեպ զգացած իրենց ամբողջ զզվանքին։ Շատ հնարավոր է, որ և՛ մեկն է ճիշտ, և՛ մյուսը, այսինքն և՛ ուրախացել է ազատություն ստանալով, և՛ լաց է եղել իրեն ազատագրողի համար․ երկուսն էլ միաժամանակ։ Մեծ մասամբ մարդիկ, նույնիսկ չարագործները, շատ ավելի միամիտ են ու պարզասիրտ, քան մենք ենթադրում ենք առհասարակ։ Է՜հ, մենք ինքներս էլ այդպես ենք։

***

Անշուշտ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի դաստիարակ ու հայր կարող է լինել այդպիսի մարդը։ Որպես հայր նա արեց հենց այն, ինչ սպասելի էր նրանից, այսինքն մի անգամ ընդմիշտ լքեց Ադելաիդա Իվանովնայից ունեցած իր երեխային, ոչ թե փոքրիկի նկատմամբ չարանալով և կամ վիրավորված ամուսնու ինչ-որ զգացմունքներից դրդված, այլ պարզապես այն պատճառով, որ բոլորովին մոռացավ նրան։ Մինչ բոլորի գլուխն էր տանում իր արցունքներով ու գանգատներով և միաժամանակ իր տունը վերածում անառակության բույնի, տան հավատարիմ ծառա Գրիգորին իր խնամքի տակ վերցրեց երեք տարեկան Միտյային։ Եթե այն ժամանակ Գրիգորին հոգ չտաներ նրան, գուցե երեխայի շապիկն անգամ փոխող մի մարդ չգտնվեր։ Ըստ որում այնպես պատահեց, որ երեխայի մոր կողմից ազգականները կարձես թե նույնպես մոռացան նրան սկզբում։ Պապը, այսինքն Ադելաիդա Իվանովնայի հայրը՝ պարոն Միուսովն, այն ժամանակ մահացել էր արդեն, նրա այրին՝ Միտյայի տատը, որ Մոսկվա էր փոխադրվել, ծանր հիվանդ էր, իսկ նրա աղջիկներն ամուսնացել էին, այնպես որ Միտյային վիճակվեց գրեթե մի ամբողջ տարի մնալ Գրիգորիի խնամքին և նրա հետ ապրել ծառաներին հատկացված խրճիթում։ Սակայն եթե նույնիսկ հայրիկը հիշեր տղային (անշուշտ չէր կարող անտեղյակ լինել նրա գոյությանը), միևնույն է՝ դարձյալ խրճիթ կուղարկեր նրան, քանի որ երեխան կարող էր այսպես թե այնպես արգելք լինել նրա ցոփ կյանքին։

Բայց պատահեց, որ Փարիզից վերադարձավ հանգուցյալ Ադելաիդա Իվանովնայի զարմիկը՝ Պյոտր Ալեքսանդրովիչ Միուսովը, որ հետագայում երկար տարիներ ապրեց արտասահմանում, բայց այն ժամանակ դեռ շատ երիտասարդ էր։ Նա Միուսովների գերդաստանում հատկապես աչքի էր ընկնում որպես լուսավորյալ մարդ, մայրաքաղաքային և արտասահմանյան բարքերով, ըստ որում իր ամբողջ կյանքում մնաց եվրոպացի, իսկ կյանքի վերջին տարիներին դարձավ քառասնական և հիսնական թվականների ոգով լիբերալ։ Իր գործունեության ընթացքում շփվել էր դարաշրջանի բազմաթիվ ամենալիբերալ մարդկանց հետ՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ արտասահմանում, անձամբ ճանաչել էր Պրուդոնին ու Բակունինին և իր թափառական կյանքի վերջում հատկապես սիրում էր հիշել ու պատմել քառասունութ թվականի Փարիզի փետրվարյան հեղափոխության երեք օրերի մասին, ակնարկելով, որ ինքն էլ համարյա մասնակցել է բարիկադային կռիվներին։ Դա նրա երիտասարդության ամենաբերկրալի հիշատակներից մեկն էր։ Նա իր անկախ սեփականությունն ուներ՝ մոտ հազար հոգի, ըստ նախկին տոմարակալության։ Նրա հիանալի կալվածը գտնվում էր մեր փոքր քաղաքի անմիջական մերձակայքում և սահմանակից էր մեր նշանավոր վանքի հողերին։

Դեռ ամենաերիտասարդ տարիներին, հենց որ ժառանգություն ստացավ, Պյոտր Ալեքսանդրովիչն իսկույն մի անվերջանալի դատավարություն սկսեց մեր վանքի դեմ, գետում ձուկ որսալո՞ւ թե անտառում ծառ կտրելու իրավունքի վերաբերյալ ստույգ չգիտեմ, բայց «կղերականների» դեմ դատավարություն սկսելը նույնիսկ իր պարտքը համարեց, իբրև քաղաքացի և լուսավորյալ մարդ։ Լսելով ամեն ինչ Ադելաիդա Իվանովնայի մասին, որին, բնական է, հիշում էր ու մի ժամանակ նույնիսկ հատուկ ուշադրությամբ էր վերաբերվել, և իմանալով, որ նրանից մնացել է Միտյան, Պյոտր Ալեքսանդրովիչը խառնվեց այդ գործի մեջ, հակառակ Ֆյոդոր Պավլովիչի հանդեպ զգացած իր ամբողջ երիտասարդական վրդովմունքին ու արհամարհանքին։ Ահա այս առիթով նա առաջին անգամ ծանոթացավ Ֆյոդոր Պավլովիչի հետ։ Ուղղակի հայտնեց նրան, որ ինքը կցանկանար հանձն առնել երեխայի դաստիարակությունը։ Հետագայում նա երկար ժամանակ պատմում էր, իբրև բնորոշ մի գիծ, թե երբ ինքը սկսել էր Միտյայի մասին խոսել, Ֆյոդոր Պավլովիչն, այնպիսի տեսք էր ընդունել մի պահ, որ իբր թե բոլորովին չի հասկանում՝ այդ ի՞նչ երեխայի մասին է խոսքը, և նույնիսկ կարծես զարմացել էր, թե ինքը մի տղա ունի տան մեջ մի անկյունում։ Եթե Պյոտր Ալեքսանդրովիչի պատմածը կարող էր չափազանցություն լինել, համենայն դեպս ճշմարտության նման մի բան էլ պետք է պարունակեր իր մեջ։

Իրոք, Ֆյոդոր Պավլովիչն իր ամբողջ կյանքում սիրում էր ձևանալ, հանկարծ մի անսպասելի դեր խաղալ ձեր առաջ, և խնդիրն այն է, որ երբեմն առանց որևէ անհրաժեշտության էր անում այդպես, նույնիսկ ուղղակի ի վնաս իրեն, ինչպես օրինակ տվյալ դեպքում։ Բնավորության այս գիծը, սակայն, հատուկ է բազմաթիվ ու բազմաթիվ մարդկանց, նույնիսկ շատ խելացիներին, և ոչ թե միայն Ֆյոդոր Պավլովիչի նման մեկին։

Պյոտր Ալեքսանդրովիչը եռանդով վարեց գործը և նույնիսկ երեխայի խնամակալ նշանակվեց (Ֆյոդոր Պավլովիչի հետ միասին), որովհետև մայրն այնուամենայնիվ մի փոքր սեփականություն էր թողել որդուն՝ մի տուն ու կալված։ Միտյային իրոք տարան այդ քեռու մոտ։ Բայց քեռին սեփական ընտանիք չուներ, իսկ ինքն էլ, իր կայքերից ստանալիք դրամական եկամուտները կարգի բերելուց և ապահովելուց հետո, շտապեց նորից Փարիզ գնալ երկար ժամանակով, ուստի երեխային հանձնեց իր ազգականուհիներից մեկին՝ Մոսկվայում ապրող մի տիրուհու։ Այնպես պատահեց, որ Պյոտր Ալեքսանդրովիչը ևս, հաստատվելով Փարիզում, մոռացավ երեխային, մանավանդ երբ վրա հասավ այն նույն փետրվարյան հեղափոխությունը, որն այնքան բորբոքեց նրա երևակայությունը և որպես անջնջելի հիշատակ մնաց նրա ամբողջ կյանքում։ Իսկ մոսկվացի տիրուհին մահացավ, և Միտյան անցավ նրա ամուսնացած դուստրերից մեկի խնամքին։

***

Չորս տարեկան Միտյայից գլուխն ազատելուց հետո, Ֆյոդոր Պավլովիչը շատ շուտով ամուսնացավ երկրորդ անգամ։ Այդ երկրորդ ամուսնությունն ութ տարի տևեց։ Իր այդ երկրորդ կնոջը՝ Սոֆյա Իվանովնային, նույնպես շատ երիտասարդ մի աղջկա, նա վերցրեց ուրիշ նահանգից, որտեղ գնացել էր մանրակապալ մի գործով՝ ոմն ջհուդի ընկերակցությամբ։ Ֆյոդոր Պավլովիչը թեև խրախճանքներ էր սարքում, հարբում էր ու ցոփ կյանք վարում, բայց երբեք աչքաթող չէր անում իր դրամագլխի զետեղումը և միշտ հաջող էր կարգավորում իր գործերը, թեև, իհարկե, գրեթե միշտ էլ ստոր միջոցների դիմելով։ Սոֆյա Իվանովնան մանկությունից անոք, «որբ աղջիկ» էր, կորած-մոլորած մի սարկավագի դուստրը, որ մեծացել էր իր պառավ բարերարուհու, դաստիարակի ու տանջողի՝ գեներալ Վորոխովի մեծահարուստ այրու տանը։

Մանրամասնությունները չգիտեմ, բայց լսել եմ, որ այդ հեզ, անչար ու հնազանդ որբուհուն մի անգամ իբր թե իջեցրել են մեխին անցկացրած օղակից, որից նա կախել էր իրեն մառանում, այնքան որ ծանր է եղել դիմանալ այդ պառավի քմահաճությանն ու հարատև կշտամբանքներին, մի պառավի, որ ըստ երևույթին չար կին չէր, բայց անտանելի կամակոր էր դարձել պարապության հետևանքով։ Ֆյոդոր Պավլովիչն ամուսնություն առաջարկեց, նրա մասին հարցուփորձ արեցին և դուռը փակեցին երեսին, և ահա նա դարձյալ, տեղն ու տեղը, ինչպես առաջին ամուսնության ժամանակ, առևանգելու առաջարկ արեց որբուհուն։ Շատ ու շատ հավանական է, որ այդ աղջիկն անգամ ոչ մի գնով չէր ամուսնանա նրա հետ, եթե ճիշտ ժամանակին ավելի շատ մանրամասնություններ իմանար նրա մասին։ Սակայն տարբեր նահանգում էր տեղի ունենում այդ ամբողջը, և բացի այդ՝ ի՞նչ կարող էր հասկանալ տասնվեցամյա մի աղջնակ, որի ուշքն ու միտքն այն էր, թե ավելի լավ է ջուրն ընկնել, քան մնալ բարերարուհու մոտ։

Եվ այդպես ահա, խեղճ աղջիկը բարերարուհուն փոխարինեց բարերարով։ Ֆյոդոր Պավլովիչը ոչ մի գրոշ չստացավ այս անգամ, որովհետև գեներալի այրին զայրացավ, ոչինչ չտվեց և, ավելին, երկուսին էլ անիծեց։ Բայց Ֆյոդոր Պավլովիչն այս անգամ հույս էլ չուներ օժիտ ստանալու, այլ լոկ հրապուրվել էր աղջնակի սքանչելի գեղեցկությամբ ու մանավանդ անմեղ տեսքով, որ շշմեցրել էր նրան՝ մինչ այդ կանացի կոպիտ գեղեցկությունը միայն սիրող այդ այլասերված հեշտամոլին։ «Այդ անմեղ աչուկներն ածելիի նման կտրտեցին իմ հոգին այն ժամանակ»,— ասում էր նա հետագայում իրեն հատուկ նողկալի քրքիջով։ Ճիշտն ասած, այլասերված մարդու համար այդ հրապուրանքը ևս կարող էր պարզապես պագշոտ մի ցանկության արդյունք լինել։ Քանի որ կինը ոչ մի օժիտ չէր բերել, Ֆյոդոր Պավլովիչն սկսեց անտեսել նրան, և օգտվելով այն հանգամանքից, որ կինը, այսպես ասած, «մեղավոր» է իր առաջ և որ ինքը համարյա «պարանից է իջեցրել» նրան, օգտվելով նաև կնոջ արտակարգ հեզ ու հլու բնավորությունից, մինչև անգամ ոտնատակ արեց ամուսնական կյանքի ամենատարրական պատշաճությունները։

Տանը, ուղղակի կնոջ ներկայությամբ, հավաքվում էին փչացած կանայք, և ցոփ կերուխումներ էին տեղի ունենում։ Որպես հատկանշական փաստ ասեմ, որ ծառա Գրիգորին՝ մռայլ, հիմար ու կամակոր այդ խրատամոլը, որն ատել էր իր նախկին տիրուհի Ադելաիդա Իվանովնային, այս անգամ իր նոր տիրուհու կողմն էր բռնում ու պաշտպանում էր նրան՝ ծառայի համար գրեթե անթույլատրելի ձևով կշտամբելով Ֆյոդոր Պավլովիչին, և մի անգամ նույնիսկ ցաք ու ցրիվ արեց գինարբուքն ու բռնի դուրս քշեց բոլոր փչացած կանանց։ Դեռ մանկությունից ահաբեկված այդ դժբախտ կնոջ վրա հետագայում մի տեսակ կանացի նյարդային հիվանդություն եկավ, մի հիվանդություն, որ հաճախադեպ է մանավանդ գյուղացի կանանց մեջ, և որով տառապողներին կոչում են «դիվահարներ»։ Մերթ ընդ մերթ, հիստերիկ սոսկալի նոպաների հետևանքով, հիվանդը նույնիսկ գիտակցությունն էր կորցնում։

Բայց և այնպես, նա Ֆյոդոր Պավլովիչին երկու տղա պարգևեց՝ Իվանին ու Ալեքսեյին․ առաջնեկը ծնվեց ամուսնության առաջին տարում, իսկ երկրորդը՝ երեք տարի հետո։ Երբ Սոֆյա Իվանովնան մահացավ, փոքրիկ Ալեքսեյի չորս տարին չէր լրացել, ու թեև տարօրինակ է, բայց գիտեմ, որ նա հետագայում իր մորը հիշում էր ամբողջ կյանքում, անշուշտ երազի նման։ Մոր մահից հետո երկու տղաներին էլ վիճակվեց համարյա ճիշտ ու ճիշտ այն բախտը, որ վիճակվել էր առաջինին՝ Միտյային. հայրը բոլորովին մոռացավ ու երեսի վրա թողեց նրանց։